Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է մաքսային ծառայողների երդման արարողությանը, ովքեր աշխատանքի են ընդունվել Պետական եկամուտների կոմիտեի բարեփոխումների շրջանակում մաքսային ծառայություն ընդունվելու նոր ընթացակարգով: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Նշվում է, որ միջոցառմանը ներկա են գտնվել նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՊԵԿ նախագահի տեղակալներ՝ Ծովինար Սողոմոնյանը և Աշոտ Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նշվում է, որ կադրային նոր քաղաքականության շրջանակում 2022 թվականի սկզբից մեկնարկած նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու դասընթացներն հաջողությամբ ավարտած մասնակիցների մեծ մասն արդեն աշխատանքի է անցել բարեփոխման նոր փուլ սկսած մաքսային ծառայության համակարգում:
«Շատ ուրախ եմ այսօրվա առիթի համար, որովհետև մեզ համար շատ կարևոր է ավելի ու ավելի մեծ թվով պետական կառույցների օժտել նոր, թարմ ավյունով: Բայց մյուս կողմից էլ՝ մեր գործելակերպում երբեք չի եղել, որ տվյալ համակարգի լավագույն ավանդույթները մերժենք, ժխտենք կամ դուրս թողնենք: Ի սկզբանե՝ հենց 2018 թվականից, մեր դիրքորոշումն այն է եղել, որ պետական ամբողջ համակարգը և ընդհանրապես՝ բոլորը պետք է ունենան հնարավորություն:
Յուրաքանչյուր համակարգում խնդիրները հասկանալու, լավագույններին ոչ լավագույններից տարբերելու համար, միշտ ժամանակ է պետք: Այդ ժամանակը մենք տրամադրել ենք, և ես ուրախ եմ դրա համար: «…» ես հույս ունեմ, որ նաև այսօրվա միջոցառման արդյունքում, այսօրվա համալրման արդյունքում քաղաքացի-մաքսային ծառայություն-Պետական եկամուտների կոմիտե-քաղաքացի, քաղաքացի-կառավարություն և քաղաքացի-պետություն հարաբերությունները ևս մի էական և որակական փոփոխություն կապրեն»,-նշել է Փաշինյանն իր ելույթում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







