Կոմպոզիոտր Դավիթ Հալաջյանի Մատեր Դոլորոզա ստեղծագործությունը հոկտեմբերի 13-ին, ժամը 19:00 կներկայացվի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Համերգին այն կկատարեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), Ակուսմա կամերային երգչախումբը (Շվեյցարիա, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Դավիթ Հալաջյան)։
Որպես մենակատարներ հանդես կգան սոպրանո Գունհիլդ Ալսվիկը (Նորվեգիա), սաքսոֆոնահար Ռեմո Շնիդերը (Շվեյցարիա), դաշնակահար Անահիտ Տեր-Տաճատյանը (Գերմանիա), Արսեն Տեր-Տաճատյանը (հարվածային գործիքներ/ Գերմանիա): Դիրիժոր՝ Դավիթ Հալաջյան:
Ստաբատ Մատեր Դոլորոզա` միջնադարյան պոեմ, որն իր բարձր բանաստեղծական վարպետությամբ և խորը հուզականությամբ նկարագրում է խաչված Հիսուսի առջև հառնած և Որդու տառապանքը սգացող Տիրամոր զգացումներն ու վիշտը:
Այս տեքստի հիման վրա գրված ստեղծագործության մեջ Դավիթ Հալաջյանը երաժշտության հարուստ արտահայտչականությամբ և խորին ուժով, Տիրամոր կերպարի միջոցով արտահայտում է ընդհանրապես որդեկորույս մոր, ծնողի հույզերն ու ապրումները, համակրանքն ու կարեկցանքը:
Հալաջյանը իր երաժշտությամբ փորձում է դուրս գալ տեքստում նկարագրվող վհատության, անկրելի վշտի հորձանքից և տանել ունկնդրին դեպի լույսը, տեսնել հուսո գոնե մի նշույլ:
Նշենք, որ Դավիթ Հալաջյանը ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը։ 1989 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետը, Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործական դասարան, (Ավետ Տերտերյան`գործիքավորում, Հակոբ Ոսկանյան` դիրիժորություն), 1991 թվականին՝ կոնսերվատորիայի ասպիրանտուրան։
Ուսանելու տարիներին Դավիթ Հալաջյանը աշխատում էր Հայաստանի պետական ռադիոյում որպես երաժշտական խմբագիր։ 1991 թվականին Դավիթ Հալաջյանը շարունակել է իր ուսումը էլեկտրաակուստիկ երաժշտության բնագավառում, Բազելի երաժշտական ակադեմիայում և Ցյուրիխի կոնսերվատորիայում։ Հալաջյանը աշխատում է որպես կոմպոզիտոր, երգչախմբի խմբավար, դասավանդում է Ցյուրիխի կոնսերվատորիայում։
Հալաջյանի երաժշտական ստեղծագործությունները ներկայացվել են Հայաստանի, Գերմանիայի, Իսպանիայի, Հոլանդիայի, Իտալիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Լիտվայի, Ռուսաստանի և Շվեյցարիայի համերգային տարբեր ծրագրերում և երաժշտական փառատոներում։ Ստեղծագործությունների պատվիրատուներից են Շվեյցարիայի եկեղեցական խորհւրդը, «Dilijan Chamber Music Series» փառատոնը, Schweizer Oktett համույթը և այլք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







