Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով 7600 մարդ հարկադրված լքել է իր տունը, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը զանգեր է ստանում Ադրբեջաննի ագրեսիայի հետևանքով տուժած երեք մարզից։
«Ահազանգերը լինում են տարաբնույթ՝ կապված թե՛ հրդեհված, թե՛ ավերված բնակարանների հետ, նաև հոսանք, գազամատարարում չլինելու վերաբերյալ։ Բոլոր ահազանգերին սահմանված կարգով արձագանքում ենք։ Որը մեր տիրույթում է՝ սպասարկում ենք, որը մեր տիրույթում չէ, փոխանցում ենք գործընկեր կառույցներին»-նշել է ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամայյին կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը։
Կառաարությունից հայտնում են նաև, որ ավերածությունները մեծ են հատկապես Գեղարքունիքի մարզում, ուր վնասվել է 195 շենք- շինություն, հրդեհվել են նաև ցորենի ու գարու ցանքատարածություններ, ավերվել են նաև դպրոցներ։ Միայն Սոթքում 60 տուն է ոչնչացվել, 117-ը մասնակի վնասվել։ Ջերմուկում վնասվել է 9 շենք-շինություն, 2 տուն, 3 հյուրատուն, վարչական շենք, նաև գազախողովակներ։ Նշվում է, որ Կեչուտի ջրամբար արկեր են ընկել։
Կառավարությունից հայտնում են, որ տուժած բնակավայրերում աշխատանքները շարունակվում են, վնասն ամբողջությամբ դեռ գնահատված չէ։ Նաև հիշեցնում են, որ 911 հեռախոսահամարն աշխատում է շուրջօրյա և ցանկացած պահի տուժած բնակավայրերի բնակիչները կարող են զանգահարել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







