Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված՝ մեկնարկել են որոշ մասնավոր նախաձեռնություններ, որոնց շրջանակում հավաքագրվում է սնունդ, հագուստ և առաջնային անհրաժեշտության պարագաներ՝ զինծառայողներին կամ սահմանամերձ մարզերի բնակիչներին ուղարկելու նպատակով։ Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
«Տեղեկացնում ենք, որ այս պահին չկա նման անհրաժեշտություն և հորդորում՝ դադարեցնել ցանկացած նման գործընթաց՝ ռեսուրսների ոչ նպատակային բաշխումներից խուսափելու համար․ պետությունն՝ ի դեմս պատասխանատու գերատեսչությունների, շարունակում է ապահովել անհրաժեշտ կարիքների բավարարումը։
Ոլորտային հասարակական կազմակերպություններին ևս հորդորում ենք յուրաքանչյուր նախաձեռնություն սկսելուց առաջ դրա իրականացման անհրաժեշտությունը քննարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ»,- տեղեկացնում է նախարարությունը։
Սոցիալական ոլորտին առնչվող հարցերի դեպքում նախարարությունն առաջարկում է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն՝ 114 կամ 044 17 03 21 հեռախոսահամարներով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







