Հանցագործությունների քանակական աճի պատկերը պայմանավորված է նոր իրավակարգավորումներով։ Այս մասին պարզաբանում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը։
Գերատեսչությունից մանրամասնում են, որ առանձին լրատվամիջոցներ հղում կատարելով ՀՀ վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ 2022թ. առաջին յոթ ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների վիճակագրական տվյալներին՝ ներկայացրել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրությամբ հանցավորության ընդհանուր էական աճի պատկեր՝ այդ թվում արձանագրելով սպանությունների շուրջ 5 անգամ աճ:
«Հաշվի առնելով, որ վիճակագրության զուտ թվային տվյալների նման պարզ վերարտադրումը կարող է թյուր կարծիք ձևավորել հանցավորության ընդհանուր վիճակի անոմալ վատթարացման, հետևաբար նաև՝ հանրապետությունում հանցավորության վիճակի վերահսկելիության վերաբերյալ՝ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը․
Արձանագրված դեպքերի քանակական աճի պատկերը պայմանավորված է մի շարք այնպիսի նոր հանգամանքներով, որոնք առավելապես պայմանավորված են քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի իրավակարգավորումների, պահանջների ազդեցությամբ վարվող վիճակագրության մեթոդաբանության փոփոխությամբ:
Որպես նշվածի հիմնավորում, փաստենք, որ 2022 թվականի առաջին յոթ ամիսների տվյալներով ՀՀ ոստիկանության կողմից արձանագրված սպանության դեպքերի թիվը կազմել է 163, որոնցից 134-ը կամ 82.2%-ը հանկարծամահության դեպքր են, իսկ միայն 29-ը՝ այնպիսի դեպքեր, որոնցով նախկին կարգավորումների պայմաններում քրեական գործը հարուցվում էր սպանության դեպքի առթիվ:
Որպես վերը նշվածի հիմնավորում նշենք նաև, որ մարդու դեմ ուղղված հանցագործություններն աճել են 70.6 %-ով, առանձնապես ծանր հանցագործությունները՝ 163-ով կամ 90.6%-ով / 180-343/: Փաստորեն՝ առանձնապես ծանր հանցագործությունների ավելացած 163 դեպքից միայն 134-ը կամ 82.2%-ը հենց հանկարծամահություն հանդիսացող դեպքերն են, որոնցով վարույթ է նախաձեռնվել սպանության դեպքի առթիվ»,- ասված է հայտարարությունում:
Այսպիսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ առերևույթ իրական սպանության դեպքերի թիվը հակառակը՝ նվազել է 4-ով կամ 12.1 %-ով: Սպանության փորձի դեպքերի թիվը նույնպես նվազել է 5-ով կամ 17.2%-ով /29-24/, ինչի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է 2022թ. օգոստոսի 30-ին հրապարակած հաղորդագրությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







