Արցախի պետական կառավարման համակարգն այլևս ունակ չէ արդյունավետ կառավարելու այն բոլոր ռիսկերը՝ անվտանգությունից մինչև երկրի բնականոն զարգացում, որոնք այսօր և առաջիկա տարիներին կախված են լինելու Արցախի գլխին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ այստեղ խնդիրը համակարգային է և նոր իրավիճակներում այն պետք է արմատական վերափոխումների ենթարկվի։
«Արցախում առաջիկայում սահմանադրական փոփոխությունների գործընթաց է սպասվում, որի աշխատանքները դեռ տարեսկզբին են մեկնարկել, սակայն այդ փոփոխությունները չնայած մի քանի առանցքային վերանայումներ են ենթադրում, սակայն գլխավոր սպառնալիքների դիմակայման, չեզոքացման և ռիսկերի կառավարման խնդիրը չեն լուծում։
ՀՀ-ում 2018-ին սկիզբ դրված Արցախի օտարման գործընթացը, 44-օրյա պատերազմի ողբերգական հետևանքները ու ՀՀ իշխանությունների՝ ԼՂ հակամարտության հարցում ունեցած դիրքորոշումն Արցախին ստիպում է ամբողջությամբ վերանայել ներքին քաղաքականությունից, տնտեսությունից մինչև պետական համակարգում եղած ստատուս քվոն և անցնել ճգնաժամային կառավարման»,- գրում է Աբրահամյանը և հավելում, որ սա ենթադրում է և՛ համակարգային, և՛ գաղափարական, և՛ գլխավոր դերակատարների ռադիկալ փոփոխություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







