2022թ. օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Հանդիպմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսեյ Բաբկովը, ինչպես նաև իր առաքելությունն ավարտած՝ պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Եվգենի Արտյոմենկոն:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Բաբկովին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և նորանոր հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության մեջ, իսկ առաքելությունն ավարտած գնդապետ Արտյոմենկոյին շնորհակալություն հայտնել՝ ՀՀ-ում ռազմադիվանագիտական ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար:
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրադրության մասին և ներկայացրել Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում վերջին օրերին արձանագրվող զարգացումները:
Քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական փոխգործակցության հետագա խորացման ուղիները, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերով ծրագրված միջոցառումների ընթացքը:
Հիշեցնենք, որ օգոստոսի մեկին Արցախում լարվածություն է նկատվում։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն Արցախում ունի 2 զոհ և 19 վիրավոր։
Ըստ ԱՀ ՊՆ-ի՝ օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







