Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կասկածի տակ են դնում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու Երևանի ցանկությունը։ Այս մասին, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Հայաստանի ղեկավարի մեղադրանքները, թե Ադրբեջանը փակուղի է տանում այն, «չի տեղավորվում իրավական կամ բարոյական որևէ շրջանակի մեջ», ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ հենց Ադրբեջանն է եղել երկու երկրների հարաբերությունների կարգավորման կողմնակիցն ու նախաձեռնողը՝ առաջարկելով խաղաղության պայմանագիր կնքել։
«Եթե Ադրբեջանը պատերազմ ցանկանար, ինչպես պնդում է Փաշինյանը, այդ քայլերը, հավանաբար, պետք չէին լինի»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նախարարությունը նշում է, որ Բաքուն, հայտարարելով տարածաշրջանում հաղորդակցությունն ապաշրջափակելու և Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին, հաստատում է այդ հայտարարությունները կոնկրետ քայլերով։
«Երկար տարիներ ադրբեջանական կողմն ասում էր, որ Հայաստանի համար ձեռնտու կլինի նորմալ հարաբերություններ հաստատել տարածաշրջանում և բացել բոլոր հաղորդակցությունները։ Այն, որ հայկական կողմը վերջապես գիտակցում է դա, և վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե «հաղորդակցությունների բացումը ձեռնտու է Հայաստանին», ուշադրություն է գրավում որպես Հայաստանի ղեկավարության նոր մոտեցում։
Կարծես Հայաստանին ժամանակ է պետք ճշմարտությունն ընդունելու համար։ Հուսով ենք, որ Հայաստանին շատ ժամանակ չի պահանջվի՝ գիտակցելու «Զանգեզուրի միջանցքի» արդյունավետությունը, որն արդեն իրականություն է դարձել»,- ասել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։
Ադրբեջանի ԱԳՆ-ը նաև մեկնաբանել է հայկական կողմի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո լուծելու անհրաժեշտության մասին. «Եթե Երևանն իսկապես խաղաղություն է ուզում, ապա պետք է դրսևորի քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկի խաղաղության ուղղությամբ՝ ժամանակ վատնելու մի ձևաչափի վերակենդանացման վրա, որի արդյունավետությունը միշտ ցածր է եղել, և որի անդամներն այժմ բացահայտ ընդունում են դրա անհնարինությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







