«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ամբողջապես Երեւանի քաղաքապետ է աշխատում դե ֆակտո: Չնայած Երեւանի դե յուրե քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է, բայց, օրինակ, Ավինյանն անձամբ է որոշում, թե որ վարչական շրջանում ով է թաղապետ նշանակվելու: «Ավինյանի անմիջական միջնորդությամբ են նշանակվել Աջափնյակի, Արաբկիրի, Կենտրոնի, Դավիթաշենի համայնքապետերը՝ Կամսար Բաբինյանը, Արամ Ազատյանը, Սամվել Ղուկասյանը, Ռոման Համբարձումյանը: Իր շնորհիվ թաղապետներ նշանակվող անձանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերում, որ Երեւանի ավագանու՝ 2023-ին անցկացվելիք ընտրություննների ժամանակ թաղապետներն էլ իրեն պետք է օգնեն, որ քաղաքապետ ընտրվի,- ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով։- Հիմնականում, այսպես ասած, թաղային հեղինակությունների հարող անձանց կամ ընտրություններին «ձայն բերող» անձանց հետ է համագործակցում»:
«Իրավունք» թերթը գրում է. «Կենդանաբանական այգու վրա, կարծես թե, տնօրեն չի գալիս: «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` աշնանը հնարավոր է, որ այգու տնօրենի Ժ/Պ Էդմոնդ Ղազարյանը, ինչպես նախորդ տնօրենը, լքի զբաղեցրած պաշտոնը: Սակայն Է. Ղազարյանի դեպքում` պաշտոնից ազատվելը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված կլինի նոր պաշտոնի նշանակմամբ` այն էլ կառավարությունում: Լուրեր են շրջանառվում, որ ընդհուպ նրան նախարարի պաշտոն են խոստացել, քանի որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի վստահելիների շարքում է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ պետք է՝ խափանվում է Դատարաններում գործերի ավտոմատ էլեկտրոնային մակագրման համակարգը թեեւ «զոռով-շառով» վերագործարկվեց՝ ԱԱԾ-ն վերջապես վերադարձրեց ծրագրի բանալիները, բայց մինչ օրս նորմալ չի աշխատում։ ԲԴԽ-ից խոստովանեցին, որ դեռ խափանումներ առաջանում են։ Ուշագրավ է, որ այդ խափանումները հատկապես քաղաքական գործիչներին վերաբերող դատավարությունների ժամանակ են առաջանում, երբ պետք է այս կամ այն ընդդիմադիր գործչի քրեական գործի քննությունը մակագրել իշխանությանն «առընթեր» ու կանխատեսելի դատավորի։ Դրա համար էլ համակարգը մի պահ «խափանվում» է, որպեսզի մակագրումն արվի ձեռքով, հետո նորից վերականգնվում։ «Մենք մայիսի 5-ին հայտարարություն տարածել ենք գործարկման մասին, այնտեղ նշել ենք, որ հնարավոր է՝ որոշակի խափանումներ, անճշտություններ լինեն, մինչեւ կվերականգնվի նաեւ դա»,- ասաց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Լիլիթ Շաբոյանը՝ նշելով, որ այս պահին էլ «որոշակի անճշտություններ» լինում են, բայց ամբողջական համակարգը գործում է»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, սեպտեմբերին ՀՀ-ում սպասվում են ՏԻՄ մի քանի ընտրություններ, քանի որ, ինչպես առիթ ունեցել ենք նշելու, մի շարք խոշորացված համայնքներ էլ ավելի են խոշորանալու։ Թերթի տեղեկություններով, այս փուլում ընտրական հանձնաժողովի բավական մեծ թվով անդամների լիցենզիայի ժամկետը լրացել է, և, համապատասխանաբար, նոր լիցենզիա ստանալու գործընթաց է սկսվել։ Ըստ տեղեկությունների, իշխանությունները «ինքնամոռաց» մտել են թեմայի մեջ և քննություններին աննախադեպ մեծ թվով թեկնածուներ են գրանցել, որպեսզի ընտրական գործընթացում կադրային խնդիրներ չունենա։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ հիմնականում հաշվի չեն առնվել մարդկանց ունակություններն ու ընտրություն կազմակերպելու փորձը, այլ քննության են ուղարկել՝ զուտ «մերը լինի» սկզբունքով ու քանակ ապահովելու համար։ Թերթի տեղեկություններով, հատկապես այն համայնքներում, որտեղ համայնքապետները «սվոյ» չեն, մարզային իշխանությունները կոնկրետ հրաման են իջեցրել, որ լիցենզավորմանը ոչ մի պարագայում չմասնակցեն այդ բնակավայրերի դպրոցների, ինչպես նաև համայնքային ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցները»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







