«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության վերջին օրերի վայրագ գործողությունների պատճառը, իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ, Ստեփանակերտում մայիսի 28-ին տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաք-երթն է։ Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ է եղել, որ «լաոն» այդ մասշտաբներով կհասնի Ստեփանակերտ, եւ այդքան մարդ դուրս կգա փողոց՝ «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հեռացիր» կոչերով։ Փաշինյանը հասկացել է, որ իր դեմ համահայկական մասշտաբի բողոք կա, եւ հրահանգել է՝ ամենաբիրտ մեթոդներով ճնշել հայաստանյան ցուցարարներին՝ այդպիսով բռնելով նաեւ արցախցիների վախը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում մեկնարկել են 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները: Ու թեեւ բյուջեի քննարկումների հաստատված օրակարգով եւ նաեւ ավանդույթի ուժով սովորաբար բյուջեի քննարկումներին պետք է անձամբ ներկայանան առաջին դեմքերը եւ զեկուցեն կատարված աշխատանքները, այնուամենայնիվ, երեկ շատ նախարարներ ու կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներ իրենց ենթականերին էին ուղարկել խորհրդարան՝ հաշվետվություն տալու: Մասնավորապես, բյուջեի կատարողականի քննարկումներին անձամբ չէր ներկայացել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, այլ խորհրդարան էր ուղարկել իր տեղակալին՝ Վարդան Մովսիսյանին: Խորհրդարանական երկրում ԱԺ-ին հաշվետվություն ներկայացնելուց խուսափեցին նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: Պապիկյանը քննարկմանն ուղարկել էր իր տեղակալ Արման Սարգսյանին եւ գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար Կամո Քոչունցին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ավելի քան մեկ ամիս ձգվող դիմադրության շարժումը, ի հեճուկս իշխանությունների, չի «մաշվում», սակայն չի բացառվում, որ առաջիկա օրերին ընդդիմությունը հայտարարի անհնազանդության ակցիաների այս փուլի դադարեցման մասին։ Շարժման մաս կազմող քաղաքական ուժերը չեն խոստովանում, բայց կարծում են, որ շարժումը պետք է ռեբրենդինգի ենթարկել՝ նոր ասելիք, նոր դեմքեր առաջ բերել, նոր սցենարներ մշակել, իսկ դրա համար պետք է որոշակի դադար վերցնել, վերազինել ուժերը։ Ներկայումս շարժման լոկոմոտիվը Դաշնակցությունն է, որն Իշխան Սաղաթելյանի միջոցով համակարգում է դիմադրությունը։ Անգամ ՀՀԿ-ականները չեն թաքցնում, որ իրենք վերջին պահին են տեղեկանում տվյալ օրվա միջոցառումների, ակցիաների եւ կատարվելիք քայլերի մասին։ Առաջին փուլում, երբ շարժման ձեւերի շուրջ տարաձայնություններ են ունեցել, Սաղաթելյանն ասել է․ թողեք՝ ես որոշեմ, վստահեք ինձ, օգնեք ինձ։
Մեր աղբյուրներն ասում են, որ առաջիկա շաբաթներին կհայտարարվի թայմաութի մասին, իսկ մինչ այդ շարժման նախաձեռնողները հաշվետվություն կներկայացնեն արած-չարածի մասին։ Նրանք կարծում են, որ վերջին ամիսների պայքարի արդյունքում է, որ Հայաստանի ու Արցախի համար ոչ հայանպաստ փաստաթղթերի ստորագրումը հետաձգվեց, եւ դա շարժման հաղթանակն է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ձերբակալվել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին` Հայկ Սարգսյանը։ Նրանք մեղադրվում են խուլիգանություն կատարելու եւ ոստիկանությանը դիմադրելու համար, սակայն վերջիններիս ձերբակալումը ուշագրավ իրավիճակում է եղել: Մասնավորապես, ի սկզբանե իրավապահ համակարգում հրահանգ է եղել ուշադիր հետեւել կոնկրետ անձանց գործողություններին, թե ով ինչ է անում, որոնց մեջ են եղել Հայկ Սարգսյանը եւ Տիգրան Խաչատրյանը: Նրանց քայլերը ֆիքսվել է ոստիկանության կոնկրետ անձանց կողմից, եւ մեզ ասած լուրերի համաձայն՝ նրանց դեմ կոնկրետ անձինք զեկուցագրեր են ներկայացրել, ինչի արդյունքում ձերբակալել են եւ դատարան ներկայացրել կալանավորելու միջնորդություն: Ասել է թե՝ իրավապահները կոնկրետ անձանց թիրախավորում են, հետեւում գործողություններին, նկարահանում եւ հետո ձերբակալում՝ մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 29-ին, երբ Սերժ Սարգսյանը հերթական անգամ այցելեց Ֆրանսիայի հրապարակ, կուսակիցների, շարժման մասնակիցների շարքերում նրան դիմավորեց զինվորական դատախազի գործող տեղակալ Վահագն Մուրադյանը։ Պաշտոնյան մոտեցավ եւ ողջունեց Սերժ Սարգսյանին, ապա վերջինիս փեսայի հետ ողջագուրվեց։ Մուրադյանը դատախազության համակարգի հնաբնակներից է, մտերիմ էր նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ։ Դատախազության հատուկ կարեւորագույն գործերով վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանն առաջինն է եղել պատմության մեջ, որը դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազին` Արթուր Դավթյանին, իրեն աշխատանքից ազատելու համար (նրան ազատել եւ նշանակել էին զինվորական դատախազի տեղակալ): Փաստացի, ընդդիմության առաջնորդները չեն սխալվում՝ ասելով, որ երկրում անիշխանություն է, այնպիսի անիշխանություն, որ դատախազներն անթաքույց հայտնվում են քաղաքական պայքարի հրապարակում եւ ողջագուրվում նախկին իշխանությունների հետ»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







