Այսօր Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ բռնության դեպքը խիստ դատապարտելի է, և որևէ կերպ չի կարող համատեղելի լինել մանկավարժի վարքագծի հետ։
Այս մասին Facebook-ի էջում գրել է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։
«Ֆիզիկական, հոգեկան և այլ տեսակի բռնությունից երեխայի պաշտպանությունն ապահովելու համար պատասխանատու են ինչպես ծնողներն ու օրենքով երեխայի համար պատասխանատու անձինք, այնպես էլ կրթության պատասխանատուներն ու մանկավարժները։
Կարևոր է նաև արձանագրել, որ ոլորտի քաղաքականության պատասխանատու մարմին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արձագանքը չի ուշացել։ Սակայն անհրաժեշտ են նաև համակարգային միջոցառումներ թե մանկավարժների ու վարչական աշխատողների՝ երեխայի իրավունքների թեմաներով մասնագիտական պատրաստումը խթանելու, և թե երեխայակենտրոն ու երեխայազգայուն մոտեցումները կրթության կազմակերպման գործելակերպերում ամրապնդելու համար։
Որպես «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի մշտադիտարկման ազգային մեխանիզմ և երեխաների իրավունքների խախտումների կանխարգելման ու պաշտպանության մարմին, Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու, որ կոնկրետ դեպքով մեղավոր անձինք պատասխանատվություն կրեն, և այս մասով պարզաբանումներ են պահանջվել իրավասու մարմիններից»,- գրել է ՄԻՊ-ը։
Հիշեցնենք, որ այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ուսուցչուհին դասապրոցեսի ընթացքում գրքով հարվածում է աշակերտին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







