Այսօր տարբեր լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերի տարբեր օգտատերերի կողմից լուրեր են տարածվել այն մասին, որ իբր արցախցիները ևս մեկնում են Երևան՝ այսօր նախատեսված հավաքին մասնակցելու համար: Այս մասին նշված է Արցախի Հանրապետության ԱԱԾ հաղորդագրության մեջ:
«Թեև Արցախից Հայաստանի Հանրապետություն մեկնելու որևէ արգելք Արցախում սահմանված չէ, այդուհանդերձ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ վերջին օրերին Արցախից ՀՀ մեկնող տրանսպորտային միջոցների և անձանց թվի որևէ նշանակալի փոփոխություն չի արձանագրվել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք նաև, որ այսօր՝ ժամը 16:00-ին, ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում մեծ հանրահավաք է հրավիրել: Հայաստանի տարբեր ուղղություններից մեկնարկած քայլերթերի մասնակիցները միանալու են հանրահավաքին:
Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո Հայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է բողոքի ակցիաներ են սկսվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







