Բողոքի ակցիայի 11 մասնակից առավոտյան Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ բերման ենթարկվածներից 9-ը բերման են ենթարկվել Վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք գործելու մեջ, իսկ 2-ը՝ զենք-զինամթերք պահելու կասկածանքով։
Նշենք, որ Երևանի բուհերում իրազեկման ակցիա իրականացնող ՀՅԴ-ական երիտասարդները Արցախի ու Հայաստանի դրոշներով մտել են Երևանի պետական համալսարան:
Մի քանի երիտասարդ մտել է լսարան, ընդհատել դասը, կոչ արել ուսանողներին միանալ իրենց՝ գործող իշխանություններին հեռացնելու համար:
Մեծ թվով կարմիրբերետավորներ հրելով փորձել են շենքից դուրս հանել ակցիայի մասնակիցներին, սկսվել է հրմշտոց։ Օրվա ընթացքում տեղի է ունեցել նաև ՀՀ դրոշներով երթ երևանյան փողոցներով։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ից «Դիմադրության շարժումը» և ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր կողմնակիցների հետ իրազեկման երթեր և բողոքի ակցիաներ են անցկացնում։ Այս օրերին նաև ՀՅԴ և ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչներն են մայրաքաղաքի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ իրականացնում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







