Էջմիածին քաղաքում տեղադրվել է Արցախի Հանրապետության դրոշը: Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ պաշտոնական կայքից:
Արձագանքելով ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հնչեցված «Պաշտպանելով Արցախը՝ պաշպանենք Հայաստանը» կարգախոսին և հանրապետության քաղաքներում Արցախի դրոշի տեղադրման վերաբերյալ կոչին՝ էջմիածնեցիները քաղաքի կենտրոնում այսօր՝ ապրիլի 10-ին, տեղադրել են Արցախի Հանրապետության դրոշը:
Իր ելույթում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշել է, որ մեր երկիրն այսօր չափազանց բարդ ռազմաքաղաքական իրավիճակում է, և հայ ժողովուրդն իր պատմության մեջ շատ անգամներ է հայտնվել այսպիսի իրավիճակում:
Ըստ Սեյրան Օհանյանի՝ այսօր` 44-օրյա պատերազմից հետո, երբ հայ ժողովուրդը պարտություն կրեց, երբ գնահատական չի տրվել Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, Ադրբեջանի կողմից իրագործած հանցագործություններին գնահատական չտալով՝ իշխանությունները կուրորեն գնում են խաղաղության պայմանագրի ստորագրման, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, որը մեծ հարված կհասցնի Արցախի ինքնորոշման գաղափարին:
Նշենք, որ ՀՀ տարբեր քաղաքներում ևս տեղադրել և շարունակում են տեղադրել Արցախի դրոշը՝ միանալով վերոնշյալ կոչին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







