Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը չորեքշաբթի Բրյուսելում հանդիպում են ունեցել «դեմ առ դեմ» ձևաչափով, ասվում է ադրբեջանական պետության ղեկավարի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
«Ապրիլի 6 — ին կայացել է աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի «դեմ առ դեմ» ձևաչափով հանդիպումը», — նշվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ հանդիպմանը Ալիևը բարձր է գնահատել Միշելի ներդրումը «հետկոնֆլիկտային շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում և ընդգծել է Բրյուսելի խաղաղ օրակարգի նշանակությունը, որը որոշվել է անցյալ տարվա դեկտեմբերին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ»:
«Նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ այսօր հայկական կողմի մասնակցությամբ եռակողմ ձևաչափով կայանալիք հանդիպումը, որպես Բրյուսելի խաղաղ օրակարգի շարունակություն, արդյունավետ կլինի», — ասված է հաղորդագրության մեջ:
Իր հերթին Միշելը նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ շրջանակներում անցկացվող երկխոսության կարևորությունը, «բարձր է գնահատել Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում», ասվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը քննարկվել են ԵՄ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ օրակարգի հարցեր և «նշվել է տարբեր ուղղություններով համագործակցության դինամիկ զարգացումը»:
«Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ», — ասված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







