Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն է։
ՔՊ-ականներն առաջարկում են վաղաժամ դադարեցնել օրենքով միավորված համայնքի ավագանու լիազորությունները, եթե ավագանու առաջին նիստը չի գումարվում լիազորությունները ստանձնելուց քսան օրվա ընթացքում: Իշխանական պատգամավորներ Արփի Դավոյանը, Վլադիմիր Վարդանյանը և Վահագն Հովակիմյանը շրջանառության մեջ են դրել նախագիծ, որով առաջարկում են՝ այն համայնքներում, որտեղ ինչ-որ պատճառներով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին պաշտոնակատարներ նշանակել։
Քննարկման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նախագծի զեկուցող Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց, թե նախագիծը որ համայնքին է վերաբերվում։
Վահագն Հովակիմյանն արձագանքեց, որ նման խնդիր կա Լոռու մարզի Վանաձոր համայնքում։
«Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանի դիտարմամբ էլ հրատապ թեմա է ոչ թե Վանաձորում ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակն է, այլ պատերազմական վիճակը, որ կառավարության նիստում ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանում պատերազմից հինգ է պակաս, այստեղ քննարկում ենք մի հարց, որը բացառապես առնչվում է այն համայնքներին, որտեղ ձեզ չի հաջողվել վերցնել իշխանությունը. որքանո՞վ եք ադեկվատ համարում ձեր պահվածքը։ Կա՛մ Դուք լուրջ չեք ընդունում ձեր քաղաքական ղեկավարի խոսքերը, կա՛մ էլ չեք կարդացել»,- նշեց Խամոյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



