Արցախի Ասկերանի շրջանի ուղղությամբ իրավիճակը հանգիստ է, մեր համապատասխան ստորաբաժանումները ռուս խաղաղապահների հետ իրավիճակը վերահսկում են։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեց Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի օգնական Անահիտ Պետրոսյանը։
Նա նշեց, որ Փառուխից ադրբեջանցիներին դուրս բերելու ուղղությամբ բանակցությունները շարունակվում են, սակայն, դեռ որևէ պայմանավորվածություն չկա։
«Երեկ գյուղացիներին տարհանել են։ Ռուս խաղաղապահները Փառուխում են, գյուղը շարունակվում է մնալ ադրբեջանական վերահսկողության ներքո։ Խրամորթի տղամարդիկ գյուղում են, կազմ պատրաստ են գյուղի ինքնապաշտպանության համար»,- մանրամասնեց վարչական շրջանի ներկայացուցիչը և հավելեց՝ միջանցք է տրամադրված, որ ադրբեջանցիները Փառուխից դուրս գան և հետ քաշվեն ելման դիրքեր։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում:
ԱՀ ՊԲ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցություններն էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







