Արցախի նկատմամբ ադրբեջանական իշխանություններն իրականացնում են էթնիկ զտումների քաղաքականություն ահաբեկչական արարքներով: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Սա էթնիկ ու կրոնական հիմքերով ցեղասպան քաղաքականություն է Արցախի 100,000-ից ավելի բնակչության նկատմամբ. կրակոցներ են արձակվում գյուղերի, մարդկանց տների վրա, գազից [ջեռուցումից ու տաք ջրից] զրկված է ողջ բնակչությունը (հիվանդանոցներ, դպրոցներ և այլն), ներխուժումով ու հոգեբանական ահաբեկումներով, ուժ կիրառելու սպառնալիքով ստիպում են մարդկանց լքել իրենց հայրենի բնակավայրերը և այլն:
Պետք է անմիջական միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում և թույլ չտալ մեկուսացում արտաքին աշխարհից: Չի կարելի անտեսել մարդու իրավունքները, մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական իշխանություններն իրենց ցեղասպան քաղաքականությունն իրականացնում են հենց Արցախի մեկուսացումով:
Այսօր խոսել եմ մի շարք միջազգային լրագրողների հետ, որպեսզի հարցը պահեն անմիջական ուշադրության կենտրոնում»,-գրել է Թաթոյանը։
Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







