ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Արցախի գազամատակարարումը դարձյալ դադարեցնելուն, ինչպես նաև այսօր ԱԺ-ում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ԱԺ խմբակցությունների փակ քննարկմանը։
Armenia Today-ի թղթակցի դիտարկմանը՝ ադրբեջանական կողմը գազամատակարարումը կրկին դադարեցնելով ընդդեմ Արցախի՞, թե՞ ռուս խաղաղապահներին է քայլ անում, Աբրահամյանը երեք ուղղություն առանձնացրեց։
«Առաջին՝ Ադրբեջանն ուղղակի հայաթափման հասնելու նպատակ ունի։ Երկրորդ հանգամանքը կապված է Հայաստան-Ադրբեջան հարթության մեջ տարվող գործընթացի հետ։ Ադրբեջանը փորձում է բանեցնել ճնշումների ամբողջ զինանոցը՝ Հայաստանին նոր զիջումներ պարտադրելու համար։ 3-րդ՝ Ադրբեջանը երրորդ կողմից, առաջին հերթին Թուրքիայի հրահրմամբ փորձում է անընդհատ ճակատ բացել Ռուսաստանի նկատմամբ, և ռուս-ուկրաինական այս ճգնաժամի պայմաններում Ռուսաստանի համար ուղղակի նոր խնդիրներ հարուցել»,- ասաց Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Արցախում դարձյալ դադարեցվել է գազամատակարարումը։ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրությամբ երեկ տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ Հաղորդագրության մեջ նաև նշվել է, որ բավարար հիմքեր կան պնդելու առ այն, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։ Հիշեցնենք նաև, որ ադրբեջանական կողմը պայթեցրել էր գազատարը՝ Արցախին տասն օրից ավելի զրկելով կապույտ վառելիքից։ Ադրբեջանական և ռուսական կողմի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում գազատամատակարարումը վերականգնվել է, սակայն, կարճ ժամանակ անց կրկին Արցախը զրկվել է գազից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







