Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը նախագահական նստավայրում հյուրընկալվել են նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին և նրա տիկնոջը՝ Անահիտ Մինասյանին: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ հաջողություններ մաղթելով այդ պատասխանատու գործում: Վարչապետը նշել է, որ Խաչատուրյանը պաշտոնը ստանձնել է Հայաստանի համար կարևոր ժամանակահատվածում՝ համոզմունք հայտնելով, որ նա իր հարուստ կենսափորձը կծառայեցնի ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի:
Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ ընդգծելով, որ գիտակցում է այն մեծ պատասխանատվությունը, որը ստանձնել է Հայաստանի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում: Նա հավաստիացրել է, որ Հանրապետության նախագահի ինստիտուտը շարունակելու է ծառայել համազգային խնդիրների լուծմանը՝ ընդգծելով, որ իր գործունեությունն ուղղված է լինելու ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի:
Հիշեցնենք, որ մարտի 3-ին ՀՀ Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ, երկրորդ փուլով, Վահագն Խաչատուրյանին ընտրեց Հայաստանի նախագահ։
Վահագն Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







