Երևանում կոմունիստական կուսակցության անդամներն իրենց աջակցությունն են հայտնել Ռուսաստանի Դաշնությանը։
Կոմունիստական կուսակցության մի խումբ անդամներ աջակցության հավաք են անցկացրել Ռուսաստանի դեսպանության դիմաց՝ ի աջակցություն Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների։
Հավաքի մասնակիցները կոչ են արել աջակցել Ռուսաստանին, որը, նրանց խոսքերով, մշտապես եղել է Հայաստանի միակ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցը։
«Ռուսաստանը հիմա աշխարհը փրկում է դարչնագույն ժանտախտից։ Այս տարիների ընթացքում ֆաշիստներն ուկրաինացիների մեջ սերմանել են, որ նրանք ռուսների հետ կապ չունեցող ազգ են, նրանք ռուս չեն և պետք է պայքարեն ՌԴ-ի դեմ։ Ռուսաստանին ոչինչ չէր մնում, քան փրկել իր ժողովրդին ու ազգին ֆաշիզմի ճիրաններից: Տարիներ շարունակ Արևմուտքը փորձել է մի ժողովրդի երկու հատվածներին իրար հետ կռվացնել և միշտ Ուկրաինան օգտագործվել է որպես հարթակ Ռուսաստանի դեմ: Եվրոպան և ՆԱՏՕ-ն՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, զինում են ուկրաինացիներին։ ՌԴ-ին այլ ելք չէր մնում, քան չեզոքացնել այդ սպառնալիքը։ Մենք գտնում ենք, որ Ուկրաինան չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ»,- հայտարարեց Կոմկուսի նախագահ Երջանիկ Աբգարյանը։
Սովետական սպաների միության նախագահն էլ իր հերթին նշեց, որ պետք է աջակցել Ռուսաստանին, քանի որ առանց նրա՝ Հայաստանը գոյություն ունենալ չի կարող։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







