Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 18-ին մեկնաբանել է Դոնբասում իրադրության սրումը, տեղեկացնում է Korrespondent.net-ը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ պետք է կատարել Մինսկի համաձայնագրերը։
«Ուկրաինայում խաղաղության վերականգնման և այդ երկրի շուրջ լարվածության թուլացման գրավականը Մինսկի պայմանավորվածությունների կատարումն է ։ Այն ամենը, ինչ պետք է անել Կիևին, Դոնբասի ներկայացուցիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելն է և հակամարտության ավարտի քաղաքական, ռազմական և հումանիտար միջոցառումները համաձայնեցնելը»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ նորմանդական ձևաչափի առաջնորդների խորհրդականների հանդիպումներն արդյունք չեն տալիս։
Պուտինը հայտնել է, որ արտաքին սահմաններում ՆԱՏՕ-ի աճող ակտիվության լույսի ներքո Լուկաշենկոյի հետ պայմանավորվել է մեծացնել ռազմական փոխգործակցությունը:
Լուկաշենկոն, իր հերթին, հայտարարել է, որ Պուտինի հետ քննարկել Է ՌԴ-ի և Բելառուսի համատեղ պատասխանը «Արևմուտքի ագրեսիվ գործողություններին»:
Նրա խոսքով՝ լարվածության խորացումն արդեն կախված չէ Ուկրաինայից, այն տարածում են Արևմուտքում։ Եվ եթե պատերազմ բռնկվի, ապա այն կարող է ընդգրկել ողջ մայրցամաքը։
Լուկաշենկոն նաև ասել է, որ Դոնբասից արդեն մարդիկ են փախչում։
«Մարդիկ արդեն պատրաստ են փախչել այնտեղից և գուցե արդեն փախչում են, դա նորմալ չէ»,- ասաց նա:
Ավելի վաղ այսօր ԴԺՀ-ում հայտարարել էին, որ բնակչությանը Ռուսաստան են տարհանում, իբր, զինված ուժերի հարձակման նախապատրաստման պատճառով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







