Փետրվարի 15-ին Արցախի Հանրապետության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման և խաղաղ բնակչությանը հերթական անգամ թիրախավորելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
Ըստ հաղորդագրության՝ ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը` ժամը 15:30-ի սահմաններում, Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն (ծնված 1983թ.) տրակտորով հերկ կատարելու ժամանակ, հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետևի անվադողը:
Բաժնի պետ Արման Սարուխանյանի գլխավորությամբ դեպքի վայր են մեկնել շրջբաժնի ծառայողներն ու ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները:
Նախապատրաստվում են նյութեր քրեական գործ հարուցելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







