Իշխանությունն իր տիրապետած ռեսուրսները բառացիորեն վատնում է ներքաղաքական գործընթացներում, ընդդիմադիր գործիչներին լռեցնելու, ճնշելու ու, որպես վերջնարդյունք, այլակարծությունը սպանելու, հասարակական համերաշխությունը խաթարելու, երկրում խոր պառակտումներ մտցնելու ու ներքին անկայունություն հրահրելու համար: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Եթե իշխանությունում կարծում են, թե Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բանակցությունների պատրաստակամությունը, Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից հետ կանգնելը ու միակողմանի զիջումների գնալը բավարարելու է դրանց քաղաքական ախորժակը, ապա սխալվում են: Այս իշխանությունը երկիրը գլորում է անորոշությունների ու անկանխատեսելի գործընթացների դաշտ, որի պայմաններում հայկական շահի ապահովումն ու հայի ֆիզիկական գոյությունը լուրջ սպառնալիքների տակ է»,- ընդգծեց նա:
Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունների ներկայիս կեցվածքը, անտարբերությունն իշխանության պահպանության դիքրերից հանդես գալու քաղաքականությունը ոչ միայն խորացնում է Թուրքիայից ու Ադրբեջանից եկող սպառնալիքները, այլև, վստահաբար, բերելու է նոր ռիսկերի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







