Շիրակցի գերիների հարազատաները կառավարության շենքի դիմաց են։ Նրանք բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք նշում են, որ արդեն ավելի քան մեկ տարի է՝ իրենց որևէ մեկը հստակ պատասխաններ չի տալիս։ Նրանք պահանջում են որքան հնարավոր է շուտ վերադարձնել իրենց հարազատներին։
«Մեր ղեկավարությունը քնած է»,- ասաց հարազատներից մեկը՝ նշելով, որ ամեն քայլի են պատրաստ։ Նա շեշտեց, որ առաջարկել են հանդիպում վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ, ինչին իրենք համաձայն չեն։
Նրանք վարչապետի հետ հանդիպում են պահանջում։
«Վարչապետի օգնականը մեզ փոխանցել է, որ վարչապետը չի ուզում մեզ հանդիպել»,- ասաց հարազատներից մեկը՝ հայտնելով, որ եթե այսօր Նիկոլ Փաշինյանը իրենց չընդունի, նստացույց են անելու։
Հավելենք, որ խաղաղ ակցիայի նպատակը, ինչպես գերեվարվածների հարազատներն են ասում, կառավարության անդամներից, պատկան մարմիններից գերիների ճակատագրի մասին որոշակի տեղեկատվություն ստանալն է, թեպետ այս առումով մեծ հույսեր չունեն։ Գերիների հարազատների խոսքով՝ մինչև այս կայացած հանդիպումներն արդյունք չեն տվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







