«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, հունվարից գործը կմտնի դատարան։ Օրերս նրա պաշտպանները միջնորդել են քննիչին, որ քրեական հետապնդումը դադարեցվի, սակայն միջնորդությունը մերժվել է: Նրանք պատրաստվում են այդ մերժումը բողոքարկել դատախազություն։ Տոնոյանը փաստաբաններին ասել է, որ եթե բողոքը մերժվի, այդ ժամանակ կգա խոսելու պահը, և ինքն այլևս չի լռելու՝ հանդես է գալու սենսացիոն բացահայտումներով»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը և նրա երկու տեղակալները՝ Արտակ Ապիտոնյանն ու Գագիկ Ղալաչյանը, սկսել են համագործակցել Ամերիա բանկի հիմնադիր, վերջերս քաղաքական հայտ ներկայացրած և «Ապրելու երկիր» կուսակցության հովանավոր Ռուբեն Վարդանյանի հետ։ Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ նրանք աշխատանքի են անցել Վարդանյանի մոտ։
Արա Այվազյանը մեզ հետ զրույցում նկատելիորեն անակնկալի եկավ մեր այն հարցից, թե ի՞նչ համագործակցություն է իր և Ռուբեն Վարդանյանի միջև։ Փորձեց զրույցը տանել այլ ուղղությամբ՝ ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով մեր տեղեկությունները։ Ասաց, որ ինքն ակտիվորեն շփվում է շատերի, այդ թվում Ռուբեն Վարդանյանի հետ, նրա հետ վերջին անգամ երեք օր առաջ է զրուցել»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր տարվա առաջին կեսերին նախատեսվում է խորհրդարանականներից կազմված պատվիրակության այց ԱՄՆ, այն գլխավորելու է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Այցի բնույթի և այլ հարցերի մասին Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մանրամասներ չտրամադրեց՝ ասելով, թե դեռևս այդ այցի մասին պաշտոնական կարգադրություն չկա։ Սակայն, որոշ տեղեկություններով, այցը պաշտոնական է, և Ալեն Սիմոնյանն ինքն է ընտրելու, թե իշխող խմբակցությունից ում հետ մեկնի ԱՄՆ։ Խոսվում է, որ մեծ պատվիրակություն է մեկնելու։ Սիմոնյանը դիմել է նաև ընդդիմադիր խմբակցություններին, որ գործուղման համար թեկնածուների անուններ տան»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ դեկտեմբերի 27-ին տարեվերջյան հավաքույթ են արել ոչ միայն իշխանականները, այլև նրանց ընդդիմությունը։ Սակայն, ի տարբերություն ՔՊ-ականների քեֆ-ուրախության, որը մի քանի օր է՝ քննարկում են քաղաքական շրջանակներում, քոչարյանականներն իրենց հավաքը վերածել են քաղաքական քննարկման, քանի որ այդ օրը նաև երկրորդ նախագահի մամուլի ասուլիսն էր, և թիմը հիացած էր առաջնորդի արտահայտած մտքերով»։
Հավաքույթը տեղի է ունեցել Դավիթաշենում գտնվող «Փրայմ հոլ» ռեստորանի սրահներից մեկում, որը վերջին շրջանում քաղաքական էլիտայի սիրած վայրերից մեկն է դարձել։ Ներկա են եղել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները և դաշինքի այլ անդամներ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



