«Հրապարակ» թերթը գրում է. ««Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն ազատվել է պաշտոնից եւ տեղափոխվել մասնավոր ոլորտ։ Նա նշանակվել է նորաբաց Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ։ Ընկերության հիմնադիրներից մեկը, հիշեցնենք, իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է՝ Էդուարդ Սուքիասյանը։ Անանյանը մեզ հետ զրույցում ասաց՝ հիմնադիրների հրավերով է գնացել այս ընկերություն: Արամ Անանյանն ասաց․ «Որովհետեւ մասնագիտական շարունակական աճի եւ մեր երկրի համար կարեւորագույն ոլորտներից մեկի զարգացման հարցում ներդրում ունենալու հնարավորություն եմ տեսնում»։ Այս պահին «Արմենպրես»-ի տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարում է Նարինե Նազարյանը, մինչեւ նոր տնօրենի համար մրցույթ կհայտարարվի»։
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Դեկտեմբերի 17-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց, որ 2021 թ. սեպտեմբերի 25-ից սկսված՝ էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների եւ ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակներում բոլոր դրական ու բացասական գործոնների վերլուծության արդյունքում 2022 թ. փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար սահմանված գործող սակագների պարագայում առաջանում է ֆինանսական ճեղքվածք։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել վերանայել սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամանորյա տոներից հետո Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, մարզպետների կազմում որոշակի փոփոխություններ կանի: Դա մասամբ պայմանավորված է ՏԻՄ ընտրություններում կրած պարտություններով։ Որոշումը կայացվել է ընտրություններից հետո, հիմա թեկնածուների փնտրտուքի մեջ են: Գաղտնիք չէ, որ պատերազմից հետո շատերը հրաժարվում են Փաշինյանի կառավարության կազմում աշխատելուց, իսկ ՀՀ վարչապետին առաջիկա զարգացումներից առաջ այնպիսի պաշտոնյաներ են հարկավոր, որոնք կկարողանան մարզերում կառավարել իրավիճակը, հանրային դժգոհությունը բնում խեղդել: Այս պահին քննարկվում է 4 մարզպետի հեռացման հարցը։ Առաջինը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն է, դժգոհություններ կան նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանից: Հնարավոր է նաեւ Լոռու եւ Գեղարքունիքի մարզպետների փոփոխություն»:
«Հրապարակ» թերթը գրում է. ««ՔՊ խոհանոց»՝ սա ֆեյսբուքյան խմբի անունն է, որտեղ 189 իշխանականներ քննարկում են տարբեր հարցեր կամ, ավելի ճիշտ՝ վերեւներից հրահանգավորվում, թե հրապարակային ինչպիսի վարք դրսեւորեն այս կամ այն երեւույթի, հատկապես ընդդիմադիրների հետ կապված: «ՔՊ խոհանոց»-ի մասին շատերը գիտեն, այն ձեւավորվել է 2018-ին, խմբում ընդգրկված են օրենսդիր եւ գործադիր մարմիններում աշխատող ՔՊ-ականները։ Այս զրուցարանում քննարկումներն են պատճառը, որ հաճախ ՔՊ-ականները միանման տեքստեր են տարածում այս կամ այն երեւույթի հետ կապված՝ քոփի-փեստ անելով: Սակայն պատերազմից հետո իրավիճակը փոխվեց իշխանության ներսում, եւ 189 հոգու նկատմամբ վստահությունն այլեւս միատարր չէր, ուստի այս խմբին զուգահեռ ձեւավորվել է ՔՊ վարչության անդամներից բաղկացած եւս 2 զրուցարան։ Մեկը՝ մի քիչ ավելի ընդարձակ՝ վարչության եւ ՔՊ վերնախավից բաղկացած, որտեղ փոխանակում են անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա մեսիջներ փոխանցում «խոհանոցին»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







