Այլևս փաստ է, որ Աշոտ Մինասյանը կալանավորվել ու շարունակում է կալանավորված մնալ քաղաքական իշխանության քմահաճույքով, իսկ գլխավոր դատախազության միակ գործառույթը տվյալ քմահաճույքն ի կատար ածելն է։ Այս մասին գրել է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Դիցուք, այսօր ստացել եմ Աշոտ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանավորումը հասարակության մեջ մեծ հեղինակություն ունեցող անձանց անձնական երաշխավորությամբ փոխելու մասին միջնորդությունը մերժելու մասին դատախազի որոշումը, որում վերջինս, չունենալով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, այսինքն չունենալով կալանավորման հիմքերը, արձանագրել է, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ մեղադրյալ Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կայացնելուց հետո կալանավորման հիմքերի առումով փաստական հանգամանքների էական որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
Հիմա խնդրում եմ ապացուցեք, եթե չունեք կալանավորման հիմքերը, ինչպես եք արձանագրում, որ դրանք չեն փոխվել։ Իսկ միգուցե հիմքերն էական չեն, էականը քաղաքական իշխանության կամքում որևէ փոփոխություն չլինելն է»,- գրել է Պողոսյանը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 15-ին ԱԱԾ աշխատակիցները բերման էին ենթարկել Աշոտ Մինասյանին՝ ՀՀ վարչապետի սպանությունը կազմակերպելու և իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։ Նա կալանավորվել է դեկտեմբերի 1-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







