FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտնում է, որ ընկերությունից անկախ հանգամանքների ի հայտ գալու (այդ թվում` ռուսական պատկան մարմինների՝ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու մտահոգությունների հետ կապված) պատճառներով, ստիպված է եղել չեղարկել Երևան-Մոսկվա-Երևան երթուղով դեկտեմբերի 15-ին ու 16-ին նախատեսված չվերթները։
«Ավիաընկերությունn արդեն իսկ ապահովել է նշված չվերթների բոլոր ուղևորների արագ ու անվտանգ տեղափոխման հնարավորությունը նշանակման վայրեր»,- հայտնել է ընկերությունը։
Տեղեկացնում են, որ աշխատակիցները նշված չվերթների բոլոր ուղևորների հետ մշտական և անհատական կապի մեջ են ուղևորների ավիափոխադրման ու մնացած բոլոր ծառայությունների ողջ փաթեթի պատշաճ մատուցման համար։
«Որևէ ուղևոր «դրսում չի մնացել» ու չի մնալու։ Սպասարկման ծառայությունը հասանելի է բոլոր ուղևորների համար։ Ավիաընկերությունը պատրաստ է օպերատիվ կերպով լուծել հնարավոր ցանկացած խնդիր։ Իսկ մյուս ուղղություններով ընկերության չվերթները կատարվելու են նախօրոք հայտարարված ժամանակացույցով»։
«FLYONE ARMENIA ընկերությունը հայցում է մեր ուղևորների ներողամտությունը առաջացած անհարմարությունների համար ու հայտնում, որ ներդնում ու ներդնելու է բոլոր ջանքերը հնարավորինս սեղմ ժամկետում առկա խնդիրները հաղթահարելու ուղղությամբ»,- հայտնում են FLYONE ARMENIA ընկերությունից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







