«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանում այսօր ավագանու հերթական նիստն է գումարվելու, որի օրակարգում 16 հարց է։ Օրակարգի 13-րդ հարցով առաջարկվում է Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության մի շարք աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել։ Սա այս տարվա հուլիսին քաղաքապետարանի ընդհանուր աշխատավարձերի բարձրացման շարունակությունն է, այն ժամանակ ճարտարապետության եւ քաղաքաշինության բլոկի աշխատակիցների աշխատավարձերը չէին բարձրացրել, քանի որ իրավական ինչ-որ խնդիրներ կային»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների` Սոչիում կայացած հանդիպումից հետո՝ լրատվամիջոցների համար ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, երեք երկրների առաջնորդների հնչեցրած մտքերը ցույց են տալիս, որ Հայաստանը հետ քայլ է կատարել նախկին հայտարարություններից: Այս տեսակետին է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա հիշեցրեց, թե հայկական կողմը մայիսի 12-ին` Սեւ լճի տարածք ադրբեջանական զորքեր մուտք գործելուց հետո ինչպես էր հայտարարում, որ սահամանագծման ու սահմանազատման գործընթացների մենարկը չի տրվի այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքից դուրս չեն բերվել»։
«Իրավունք» թերթը գրում է. «Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն, նոյեմբերի 26-27-ը Եվրոպայից Հայաստան մի շարք չվերթներ չեղարկվել են: Մարդիկ պարզապես ճամպրուկներով հայտնվել են անելանելի իրավիճակում: Նրանց ներքին կարգով ասվել է, թե Հայաստանն այդ օրերին խուսափում է չվերթներ ընդունելուց՝ կապված Սոչիում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպման հետ: Թե ինչ կապ ունի Եվրոպայի հայերի Հայաստան ժամանումը եռակողմ հանդիպման հետ, պարզաբանել են, թե հայաստանյան իշխանությունները մտավախություն ունեն, որ հանդիպման արդյունքներից հետո` Երեւանում բողոքի մեծ ալիք կբարձրանա, ինչին մասնակցելու համար կժամանեն նաեւ մեծ թվով սփյուռքահայեր: Հենց այս սցենարը խափանելու համար էլ խափանել էին նախատեսված չվերթները»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Անցած տարի գյուղացին կարտոֆիլ քիչ է մշակել, բայց շատ հավաքել: Օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ անցած տարի ունեցել ենք 20 հազար 50 հա կարտոֆիլի ցանքատարածություն, մինչդեռ 2018-ին (2019-ին էլ այն կազմել է 20 հազար 500) այն կազմել է 22 հազար 100 հա. անցած տարի գյուղացին 1600 հեկտար կարտոֆիլ քիչ է մշակել: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում մարդիկ սկսել են կարտոֆիլ քիչ մշակել 2016 թվականից, երբ ցանքատարածությունները կազմել են 28 հազար 900 հա։ Ավելին` հենց այդ ժամանակահատվածից էլ սկսել է նվազել կարտոֆիլի բերքատվության չափը»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս կիրակի Հայաստանում սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կազմակերպվում են ցուցակների առաջին համարների մասնակցությամբ հեռուստաբանավեճեր: Մասնավորաբար, Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի՝ քաղաքապետի թեկնածուների մասնակցությամբ նման մի բանավեճ օրերս տեղի է ունեցել Լոռու մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերությամբ: Թերթի տեղեկություններով, բանավեճը բավական լայն արձագանք է ստացել, Վանաձորում հատկապես բուռն քննարկման առիթ է դարձել այն հանգամանքը, որ սուր հակադրության մեջ են մտել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որը գլխավորում է իր անունը կրող ցուցակը, և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, որը գլխավորում է ՔՊ-ի ցուցակը»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







