Մետրոյի Երիտասարդական կայարանի խաղաղ բողոքի ակցիայի ավարտից հետո մեր 2 գործընկերներին բերման են ենթարկել, որոնցից Վահագն Չախալյանի նկատմամբ ցանկանում են քրեական հետապնդում իրականացնել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Զարթոնք» կուսակցության ղեկավար, «Ազատագրական շարժման» անդամ Արա Զոհրաբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia և ՀՀ Գլխավոր Դատախազություն հիշեցնում եմ ձեզ, որ բողոքի ակցիայի մեջ որևէ հանցակազմ չի կարող լինել, նույնիսկ՝ ինքնիրավչության: Ավելին, «Հավաքների ազատության մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանված հավաքների անցկացման համար արգելված վայրերի ցանկում մետրոյի կայարանները նշված չեն:
Հիշեցնում եմ նաև, որ Նիկոլ Փաշինյանն էլ է ժամանակին այս բողոքի ակցիան իրականացրել ու քրեական հետապնդման չի ենթարկվել:
Իսկ եթե կորոշեք շինծու քրեական գործ հարուցել, ապա տեղեկացնում եմ ձեզ, որ բողոքի ակցիայի կազմակերպիչը ես եմ»,- հայտնել է նա։
Հիշեցնենք, որ ոստիկանները «Ազատագրական շարժման» անդամներից երկու հոգու են բերման ենթարկել։ Շարժման անդամները կաթվածահար են արել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։ Նրանք մետրոյում հայտարարում են, որ նահանջ չի լինելու և ներկայացնում են իրենց պահանջները։
Հավելենք, որ արդեն մի քանի օր է՝ շարժումը մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է կազմակերպում։ Նրանց նպատակն է կանխել սահմանագծման և սահմանազատման ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







