Եվրոպայում լայն ճանաչում ունեցող «Կամուրջի մոտ» թատրոնը նոյեմբերի 18-ին Շեքսպիրյան թատերական փառատոնի շրջանակում Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրի «Մակբեթ» ներկայացման օրիգինալ տարբերակը։
Ըստ թատրոնի մամուլի հաղորդագրության՝ Սերգեյ Ֆեդոտովի ներկայացումը լիովին համապատասխանում է իրադարձությունների ժամանակագրությանը։ Բեմում 11-րդ դարի Շոտլանդիան է, և պատմական տարազներն ու շքեղ զարդարանքները լիովին համապատասխանում են դարաշրջանին:
Ըստ սցենարի՝ քաջարի մարտիկ Մակբեթի ճակատագիրը մութ ուժերի ձեռքում է։ Երեք վհուկ կանխատեսում են, որ նրան վիճակված է դառնալ Շոտլանդիայի թագավոր։ Այժմ ոչինչ չի կարող կանգնեցնել Մակբեթին, քանի որ ըստ մարգարեության՝ նա անխոցելի է հասարակ մահկանացուի համար։ Ողբերգական ավարտը մոտ է: Հուսահատ վճռականությամբ և իշխանության տենչով լցված Մակբեթն իր ձեռքն է վերցնում մարգարեության իրագործումը՝ կործանելով խաղաղությունն իր մեջ և կարգուկանոնն աշխարհում։
Եվրոպայում հայտնի աշխարհի միակ միստիկ թատրոնը՝ «Կամուրջի մոտ»-ը, եռակի «Ոսկե դիմակ» ազգային մրցանակի հավակնորդ և դափնեկիր է, արտասահմանյան փառատոնների 45 Գրան պրիի հաղթող, Հնդկական թատերական օլիմպիադայի չեմպիոն, 204 միջազգային փառատոնի մասնակից, Fорбе ամսագրի կողմից Ռուսաստանի տասը լավագույն թատրոնների շարքում է:
Սերգեյ Ֆեդոտովը՝ թատրոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը, ՌԴ վաստակավոր արտիստ է, Չեխիայի ազգային մրցանակի, «Ոսկե դիմակ» ազգային մրցանակի, ՌԴ կառավարության մրցանակի, Ստրոգանովի անվան մրցանակի դափնեկիր է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







