Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին անհանգստացնում է սննդամթերքի շուկայում գրանցված գնաճը։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ գնաճը կազմում է 8, 9 տոկոս։
Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը։
Սննդամթերքի՝ մասնավորապես կարտոֆիլի գինն է բարձր՝ իրացման կետերում գինը հասնում է 350 դրամի։
Վահան Քերոբյանի պարզաբանմամբ՝ այս տարի կարտոֆիլի արտահանման ծավալները ռեկորդային են եղել․ ՀՀ-ից արդեն իսկ 30 000 տոննա կարտոֆիլ է արտահանվել։
Նախարարի դիտարկմամբ՝ այսպիսի թիվ երբեք չի եղել անկախ Հայաստանի պատմության ընթացքում, և շուկայում կարտոֆիլի գնաճի պատճառը դրա մեծածավալ արտահանումն է եղել։
«Արտահանման աճը կամ դրա կապվածությունը գնաճի հետ կայանում է նրանում, որ եթե արտահանվում է կոնկրետ գնով և արտահանվող շուկայում այդ ապրանքն արժե կոնկրետ թիվ, ապա դա, բնականաբար, սինքրոնիզացնում է տեղական շուկայի գինը, այս դեպքում՝ կոնկրետ բարձրացնում է»,- ասաց էկոնոմիկայի նախարարը։
Նա նաև նշեց, որ ֆերմերներին չպետք է զրկել իրենց եկամուտներն ավելացնելու հնարավորությունից։
«Անընդհատ կոնսուլտացիաների մեջ ենք մեր գործընկեր երկրների հետ՝ առաջին հերթին ԵԱՏՄ գործընկերների, նաև Ուկրաինայի և Հարավամերիկյան երկրների հետ, որպեսզի կարողանանք ՀՀ տնտեսվարողներին ապահովել ցածր գներով կամ նորմալ գներով ապրանքներով և հումքով, ինչը թույլ կտա մեղմել գնաճը»,- եզրափակեց կառավարության անդամը։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







