Կառավարության հոկտեմբերի 14-ի նիստում Ազգային ավիափոխադրման համակարգի ստեղծման համար ներդրում կատարելու որոշում կայացվեց: «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության նորաստեղծ ավիաընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով ներդնել 4 միլիարդ 733 միլիոն 720 000 ՀՀ դրամ:
Ինչպես ընկերության գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը նշեց՝ սա ուղղակի ավիաընկերություն ստեղծելու հերթական փորձ չէ, ինչը բազմիցս եղել է վերջին 25 տարիներին: Առանցքային է Air Arabia-ի՝ հաջող ավիաընկերություն ստեղծելու և կայացնելու փորձը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հիշատակեց թեմայի հետ կապված վատ հիշողությունները և նույնպես նշեց Air Arabia-ի խոշոր ներդրումը նախագծին, ինչը լրացուցիչ հիմքեր է տալիս հավատալու, որ նախագիծը հաջողելու է:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 14-ին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության և Էյր Արաբիա (Air Arabia) ընկերությանն ամբողջությամբ պատկանող ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով կողմերը պարտավորվել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծել ազգային ավիաընկերություն:
Այս ընկերությունում բաժնեմասնակցության համար «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ պարտավորվել է բաժնետոմսերի դիմաց վճարել 4 միլիարդ 733 միլիոն 720 000 ՀՀ դրամ, իսկ Էյր Արաբիա ընկերությանը պատկանող ընկերությունը նույնպես ներդրումն իրականացնելու է իր բաժնեմասնակցության համապատասխան դրամական միջոցներով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







