Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կտրականապես մերժել է Հարավային Կովկասում նոր միջանցքների ստեղծման ծրագրերը Ադրբեջանի Հանրապետության հետ վերջին ռազմական հակամարտությունից հետո:
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Երևանում Tasnim-ին տված հարցազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերջին պատերազմը ճանապարհ է հարթել տարածաշրջանում ահաբեկիչների ներկայության համար:
Մտահոգություն հայտնելով տարածաշրջանում ահաբեկիչների և որոշ երկրների զինված ուժերի առկայության պատճառով առաջացած ոչ անվտանգ վիճակի վերաբերյալ՝ նա նշել է.
«Մենք միշտ զգուշացրել ենք այդ հարցերի վերաբերյալ: Բայց Հայաստանի տված այս նախազգուշացումները չօգնեցին կանխել ահաբեկիչների ու զինված մարդկանց մուտքը տարածաշրջան»:
Գրիգորյանն ասել է, որ տարածաշրջանի ճանապարհների և տնտեսական ուղիների արգելափակման հարցը նշված է նոյեմբերյան հայտարարության մեջ և քննարկվել է նաև հունվարի 11-ին Ռուսաստանում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների եռակողմ հանդիպմանը:
«Ես ուզում եմ վստահորեն ընդգծել, որ ո՛չ երկու հայտարարությունների, ո՛չ հանդիպումների ժամանակ որևէ անդրադարձ չի կատարվել միջանցքին»,- հայտարարել է Գրիգորյանը:
Հակառակը՝ նա հավելել է՝ Ադրբեջանի Հանրապետությունը մի քանի անգամ հայտարարել է, որ միջանցքի ստեղծումը վիճարկվել է:

«Ցանկանում եմ հստակեցնել, որ Հայաստանը երբեք միջանցքի վերաբերյալ որևէ բան չի առաջարկել և չի առաջարկի, և երբեք միջանցքի վերաբերյալ բանակցություններ չի վարել և չի վարի»,- ընդգծել է Գրիգորյանը:
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ իր գործընկերների հետ հանդիպումներում կրկնել է այս հարցում Երևանի դիրքորոշումը:
Հայաստանում ընտրություններից առաջ և Կապանում նախընտրական քարոզարշավի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասկացրել է, որ միջանցքի ստեղծման մասին որևէ խոսք չի լինի, ավելացրել է Արմեն Գրիգորյանը:
«Դուք գիտեք, որ մենք ստացել ենք մարդկանց մեծամասնության ձայները վերջին ընտրություններում: Դա վկայում է, որ մեր դիրքորոշումն ու քաղաքականությունն ընդունվել և ընկալվել են հայ հասարակության կողմից, և մարդիկ աջակցում են մեր դիրքորոշմանը: Նրանք նույնպես հասկացել են, որ միջանցքի մասին խոսք չկա, և այս հարցն ընկալելի է դարձել մեր հասարակության մեջ»,- հավելել է Գրիգորյանը:
Պաշտոնյան նաև հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ բացելու իր ճանապարհները Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի միջև, սակայն ընդգծել է, որ երթուղիներն ամբողջությամբ դրված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







