Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում՝ հոկտեմբերի 17-24-ը, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կլինի ծագումով հայ ֆրանսիացի աշխարհահռչակ նկարիչներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան, 1907–2000) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920–2013) գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» կարգախոսի ներքո, ասված է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ ընկերության հայտարարության մեջ:
Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, որին կհաջորդի Cadence համույթի համերգը: Երեկոյին կհնչեն Շառլ Ազնավուրի, Ժորժ Գարվարենցի, Միշել Լեգրանի, Ռիչարդ Գալիանոյի, Աստոր Պիացոլայի, ինչպես նաև Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ցուցահանդեսի փակման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին, որին կհաջորդի կամերային երաժշտության համերգը:
Ծրագիրն իրականացնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը և Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







