Իրանի նոր կառավարությունը իր առաջնահերթություններից է դարձնում հարևանների հետ հարաբերությունների զարգացումը: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Ըստ նրա՝ խոսքը հյուսիսային հարևանների` Հայաստանի և Ադրբեջանի մասին է: Երկու պետություններն էլ Իրանի լավ հարևաններն են, և Թեհրանը չի կարող մեկի հետ աշխատել մյուսի դեմ, ասել է Աբդոլլահիանը:
«Մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է: Երկու օր առաջ Թեհրան էր այցելել Հայաստանի արտգործնախարարը: Լավ կլիներ, որ նմանատիպ այց կատարեր Ադրբեջանի արտգործնախարարը, և ես նույնպես հնարավորության դեպքում կայցելեմ Երևան և Բաքու՝ որպես բարիդրացիության ժեստ: Ի դեպ, վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ես գաղտնի բանակցություններ վարեցի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:
Նա ավելացրեց, որ Թեհրանին անհանգստացնում են որոշ ուժերի կողմից տարածաշրջանի սահմանների վրա ազդելու փորձերը` սահմանները փակելու կամ դրանք տեղաշարժելու համար: Միաժամանակ, Իրանը նշում է ահաբեկիչների առկայությունը տարածաշրջանում, ովքեր այնտեղ հայտնվել են Ղարաբաղի պատերազմի ժամանակ:
«Մենք դա ասում ենք առանց որևէ կերպ կասկածելու մեր հարևանների տարածքային ամբողջականության վրա: Մեզ հետ բանակցությունների ընթացքում ադրբեջանցի պաշտոնյաները խոստացան, որ միջոցներ կձեռնարկեն տարածաշրջանը ահաբեկիչներից մաքրելու համար: Նաև պետք է նշեմ սիոնիստական ռեժիմի սադրիչ գործողությունները մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ Ադրբեջանի տարածքում: Մենք դա անընդունելի ենք համարում, մենք պետք է կարգավորենք այս ամենը»,- ասել է Աբդոլլահիանը:
Իրանի արտգործնախարարը նշել է, որ հակամարտությունների կարգավորման բազմաթիվ ձևաչափեր կան, որոնցից մեկը՝ «3+3»-ը (Հայաստան-Ադրբեջան-Վրաստան+Ռուսաստան, Իրան, Թուրքիա) առաջացել են Ղարաբաղյան հակամարտության սկզբում: Մեկ այլ ձևաչափ` Իրան-Ռուսաստան-Ադրբեջան: Դրանք բոլորը ծառայում են երկխոսության ամրապնդմանը:
«Մենք կարծում ենք, որ նոր չափազանց մեծ պահանջները միայն բարդացնում են իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Կարծում եմ, որ բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն իրավիճակը և լարվածությունը թուլացնելու համար: Մենք որոշ կոշտ հայտարարություններ համարում ենք ոչ կառուցողական, և վստահ ենք, որ եթե իրավիճակին մոտենանք խելամիտ և իմաստուն, կկարողանանք մեր հարևանների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան բոլոր խնդիրները լուծելու լավ ուղի մշակել»,- ասել է իրանցի պաշտոնյան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







