Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:26

Իրանի դեսպանատունը շեշտել է Կապան-Գորիս ճանապարհի երթևեկությունը երաշխավորելու կրկնակի կարևորությունը

Իրանի դեսպանատունը շեշտել է Կապան-Գորիս ճանապարհի երթևեկությունը երաշխավորելու կրկնակի կարևորությունը

Սյունիքի տարածքում նոր սահմանազատումների վերաբերյալ պայմանավորվածությունների հետևանքով Կապան-Գորիս ճանապարհի երթևեկությունը երաշխավորելու անհրաժեշտությունը և տրանսպորտային փոխադրումների կարգավորման ջանքերը կրկնակի կարևոր են դարձել ինչպես Իրանի Իսլամական Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար: Այդ մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպանությունից՝ անդրադառնալով Կապան-Գորիս ավտոճանապարհին իրանցի վարորդների համար ադրբեջանցիների՝ իրենց վերահսկողության տակ անցած հատվածներում առաջացրած խոչընդոտներին:

Իրանի դեսպանատունը նաև տեղեկացրել է, որ հայ պաշտոնյաների բացատրությունները մեծ հույսեր են ներշնչում միջպետական ճանապարհի՝ Տաթևով անցնող այլընտրանքային ուղու արագ զարգացման վերաբերյալ, և Իրանը հույս ունի, որ մոտ ապագայում ականատեսը կլինենք անվտանգ ենթակառուցվածք ունեցող ճանապարհի բացման: Միևնույն ժամանակ, իրանական կողմը ակնկալում է, որ մինչև այլընտրանքային ճանապարհի շահագործումը ընթացիկ ճանապարհով երթևեկությունը կշարունակվի իր բնականոն հունով:

Ստորև ներկայացնում ենք «Արմենպրես»-ի և Իրանի դեսպանության հարցուպատասխանը:

Հարց — Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ սեպտեմբերի 22-ին Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ս. թ. օգոստոսի վերջից միջպետական ճանապարհի Կապան-Գորիս հատվածում Ադրբեջանի առաջացրած խոչընդոտներին՝ մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ: Ի՞նչ տեղեկություններ կարող եք հաղորդել այդ խնդիրների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող գործողությունների ընթացքից և խնդրի շուրջ հայկական և հատկապես ադրբեջանական կողմի հետ քննարկումների վերաբերյալ: Ադրբեջանական կողմը շարունակո՞ւմ է խոչընդոտներ առաջացնել իրանցի վարորդների համար Կապան-Գորիս ավտոճանապարհին:

Պատասխան — Վերջին ամիսներին դեսպանատունը, ՀՀ համապատասխան մարմինների հետ խորհրդակցելիս, փորձել է գնահատել Գորիս-Կապան ճանապարհի հատուկ վիճակը, դրա շահագործման հեռանկարները և տարբեր կողմերը՝ կապված այս ճանապարհից և այլ հնարավոր ճանապարհից ապրանքների և ուղևորների տարանցման հետ: Կասկած չկա, որ մինչև այս ճանապարհի ներկա փուլը այն եղել է երկու երկրների միջև առևտրի շարունակման և երկու երկրների քաղաքացիների տեղաշարժի հիմնական ուղին: Այնուամենայնիվ, Սյունիքի տարածքում նոր սահմանազատումների վերջին պայմանավորվածությունների արդյունքում՝ երթևեկությունը երաշխավորելու անհրաժեշտությունը և տրանսպորտային փոխադրումների կարգավորման ջանքերը կրկնակի կարևոր են դարձել ինչպես Իրանի Իսլամական Հանրապետության, այնպես էլ Հայաստանի համար:

Մենք հավատում ենք, որ Հայաստանի ցամաքային ճանապարհի անվտանգությունը, անկախ դրա դրական ազդեցություններից ներկայիս կապի հարթության վրա, կարող է տարածաշրջանի կայուն պատկերը ներկայացնել երկու երկրների և տարածաշրջանի գործարարներին ու ներդրողներին և ուղղորդել նրանց պլանավորելու իրենց տնտեսական գործունեությունը և բարձրացնելու փոխազդեցությունների մակարդակը: Այս երկկողմանի ճանապարհի անվտանգությունը, ի լրումն, կարող է ցույց տալ Հայաստանի հուսալի դիրքը տարածաշրջանում ենթակառուցվածքների խոշոր նախագծերի առաջխաղացման համար: Անկասկած, այն, ինչ վերջին ամիսներին առաջարկվում էր որպես նպատակ՝ վերացնել տարածաշրջանի տրանսպորտային ուղիների արգելափակումը, նույնպես այս ձևաչափով է, որ արդիական է դառնում:

Հարց — Սկզբունքորեն ինչպե՞ս կարող է, ըստ Ձեզ, լուծվել Իրանը Հայաստանին կապող ճանապարհի խնդիրը: Ունե՞ք արդյոք առաջարկված ինչ-որ բանաձև այդ հարցի առնչությամբ:

Պատասխան — Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի և պարոն Արմեն Գրիգորյանի վերջին հանդիպմանը քննարկվել է Գորիս-Կապան ճանապարհի առանձնահատուկ վիճակը և այն անսովոր գործողությունը, որն իրականացվում է միայն իրանական բեռնատարներից տուրքերի գանձման ուղղությամբ և ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները: Հայ պաշտոնյաների բացատրությունները մեծապես հույսեր են ներշնչում Տաթևի այլընտրանքային ուղու արագ զարգացման վերաբերյալ, և մենք հույս ունենք, որ մոտ ապագայում ականատեսը կլինենք անվտանգ ենթակառուցվածք ունեցող ճանապարհի բացման:

Իհարկե, Իրանի Իսլամական Հանրապետությունն ակնկալում է, որ մինչև այլընտրանքային ճանապարհի շահագործումը ընթացիկ ճանապարհով երթևեկությունը կշարունակվի իր բնականոն հունով: Տարբեր առիթներով այս նկատառումները բարձրացվել են հայ պաշտոնյաների մոտ: Միևնույն ժամանակ, այս հարցը, բացի Հայաստանի կառավարության կողմից իր գործընկերների հետ պատշաճ ուշադրությունից և խորհրդակցությունից, պահանջում է այլ կողմերի ջանքերը: Հետևաբար, Հայաստանի իշխանությունների հետ Իրանի Իսլամական Հանրապետության ակնկալիքները հայտնելուն զուգահեռ, առանձին հետևումներ են ընթանում այլ կողմերի, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտոնյաների հետ:

Հարց — Ադրբեջանի գործողություններում քաղաքական ենթատեքստեր տեսնո՞ւմ եք՝ հաշվի առնելով ոչ վաղ անցյալում ադրբեջանական մամուլում հրապարակված այն տեղեկությունները, որ իրանցիները բեռնափոխադրումներ են կատարում դեպի Արցախի Հանրապետություն:

Պատասխան — Երկկողմ հարթությունում, համագործակցության ծրագրերն ավելի առաջ մղելու նպատակով, պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջև անցկացնել տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողով, որը, հուսով ենք, շուտով կիրականացվի: Բարեբախտաբար, Դուշանբեում կայացած գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցավ երկու նախագահների կառուցողական բանակցությունները, և կա համատեղ համագործակցության ընդարձակ ծրագիր:

Սեպտեմբերի 22-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ դեսպան Զոհուրին մտահոգություն էր հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ, իսկ Արմեն Գրիգորյանը ընդգծել էր, որ Հայաստանը գիտակցում է այս հարցի զգայուն լինելը իրանցի գործընկերների համար և նույնպես կարևորում է հարցի արագ լուծումը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սեպտեմբերի 17-ին լրագրողներին ասել էր, որ Հայաստանի կառավարությունը ինտենսիվ աշխատում է ե՛ւ միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածի հետ կապված խնդիրները լուծելու, ե՛ւ շրջանցիկ՝ Տաթևով անցնող ճանապարհը բարեկարգելու և այլընտրանքային լուծումներ գտնելու ուղղությամբ:

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Ադրբեջանական Հանրապետության ոստիկանությունը Որոտան բնակավայրի մոտ, միջպետական ճանապարհի՝ պատերազմից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած հատվածում կանգնեցնում և ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների և բեռների փաստաթղթերը: Իրանցի վարորդները լրատվամիջոցներին հայտնել էին, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիներն իրենցից գումար են պահանջում:

Այդ կապակցությամբ Հայաստանում ԻԻՀ դեսպանատունը հայտարարել էր, որ ճանապարհների խոչընդոտների վերացումը օրակարգային է Իրանի համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+