Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է սոցիալական ցանցերում տարածվող քվեարկված քվեաթերթիկների լուսանկարներ, այդ թվում՝ վիրավորական գրառումներով: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից։
Ըստ կառույցի՝ այդպիսի գործընթացը խախտում է ընտրական իրավունքը։
Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում բոլոր քաղաքացիներին հիշեցնել, որ Քրեական օրենսգիրքը հանցանք է համարում քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը: Այս արարքը պատժվում է տուգանքով` 500․000-700․000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով:
Դրանից բացի, քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով խախտելը պատժվում է տուգանքով՝ 100․000-200․000 դրամի չափով:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք: Ժամը 08:00-ին բացվել են 2008 ընտրատեղամասեր, 479 Երևանում, 1529-ը՝ մարզերում:
Ըստ ԿԸՀ-ի՝ ժամը 14։00-ի դրույթամբ երկրում քվեարկել է ընտրողների 26.82 տոկոսը։ Երևանում ժամը 14։00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 29.8 տոկոսը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







