2021 թվականի հունիսի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին է զանգահարել «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկազ Հարությունյանը և հայտնել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում գտնվող «Հայաստան» դաշինքի շտաբի դիմացից Վարչապետի պաշտոնակատարի քարոզարշավի ընթացքում Ոստիկանության պարեկապահակետային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի «կարմիր բերետավորները» բերման են ենթարկել Տիգրան Խուդոյանին, Հայկ Մուրադյանին և Շահեն Վարդանյանին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։
Հ. Հարությունյանը պնդել է, որ Պաշտպանի աշխատակազմ ահազանգ ներկայացնելու պահի դրությամբ տեղեկություն չի ունեցել այդ անձանց գտնվելու վայրի մասին։
Ահազանգի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Ոստիկանությունից պարզաբանումներ է ստացել այն մասին, որ նշված անձինք բերման են ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարման կասկածանքով (հավաքը խոչընդոտելը), նրանցից երկուսը տեղափոխվել են քննչական մարմին: Այս մասին հետո տեղյակ է պահվել Պաշտպանի թեժ գծին զանգահարած անձը:
Այնուհետև Հ. Հարությունյանը կրկին կապ է հաստատել և տեղեկացրել, որ Տիգրան Խուդոյանը դուրս է եկել քննչական մարմնի վարչական շենքից՝ ձեռքի հատվածում վիրակապված, ունի ձեռքի հոդի խախտում (ըստ տվյալ անձի՝ ձեռքը «դուրս է ընկել»):
Տ. Խուդոյանը հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է ոստիկանների կողմից բերման ենթարկելիս իր նկատմամբ ձեռնաշղթա գործադրելու արդյունքում: Տեղեկացրել է նաև, որ ձեռքի մատներն ամպուտացված են, այդ պատճառով Ոստիկանության ծառայողներին նախապես խնդրել է իր նկատմամբ ձեռնաշղթա չգործադրել, սակայն, այնուամենայնիվ, ձեռնաշղթան գործադրվել է:
Նկատի ունենալով ազատությունից զրկված անձանց բռնության ենթարկելու կոնկրետացված տեղեկությունները՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից գրություններ են ուղարկվել Դատախազություն և Ոստիկանություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







