ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ողջունում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից տրամադրված 1,3 միլիոն եվրոյի ներդրումը՝ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց դրամական օգնություն տրամադրելու նպատակով:
Օգնությունը տրամադրվում է ի լրումն ՀՀ կառավարության և նրա գործընկերների կողմից՝ հակամարտության և COVID-19-ի համաճարակի հետևանքով տուժած անձանց աջակցությանն ուղղված ջանքերի։ Այս մասին գրել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը:
«Մարդասիրական սկզբունքներից ելնելով՝ ԵՄ-ն արտակարգ հումանիտար օգնություն է տրամադրում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին և նրանց հյուրընկալող բնակչությանը: Տեղահանված շատ մարդիկ հայտնվել են բարդ իրավիճակում, որն էլ ավելի է սրվում կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Դրամական օգնության շնորհիվ ՊՀԾ-ն աջակցում է առավել խոցելի անձանց վճարել ծայրահեղ անհրաժեշտության պարագաների, այդ թվում՝ սննդի համար»,- ասել է Ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը:
ՊՀԾ-ի կողմից իրականացված Պարենային անվտանգության գնահատման վերջին արդյունքների համաձայն երկրում շատ մարդիկ ունեն մարդասիրական օգնության կարիք:
Աջակցությունից օգտվող հայաստանյան շահառուների համար ստեղծվել է հետադարձ կապի մեխանիզմ, որն ապահովում է ուղիղ կապ ՊՀԾ-ի հետ: Շահառուները կարող են զանգահարել 096 120 400 հեռախոսահամարով և գրել [email protected] էլեկտրոնային հասցեին` դրամական օգնության հետ կապված հետադարձ կապ հաստատելու, դիմումներ ներկայացնելու կամ բողոքների առկայության դեպքում: Սա ՊՀԾ-ին հնարավորություն կտա անդրադառնալ մտահոգություններին ու հարցումներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







