«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում նախագահ Արմեն Սարգսյանը հաճախ է դիմում Սահմանադրական դատարան՝ ԱԺ-ի ընդունած օրենքների սահմանադրականության հարցով։ Վերջին դիմումը «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքին եւ հարակից 22 օրենքներին է վերաբերում։ Մինչ այդ 4 դիմում էլ կար ՍԴ-ում։
ՍԴ մամուլի պատասխանատու Եվա Թովմասյանը մեզ տեղեկատվություն տրամադրեց․ նախագահը վիճարկում է «ՀՀ դատական օրենսգիրք» եւ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքներում փոփոխությունների մի քանի հոդվածները, դիմումի քննությունը կկայանա մայիսի 25-ին։ Հաջորդը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն է, որը վիճարկելու անհրաժեշտությունն առաջացավ ԶՈՒ նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման ընթացքում․ քննությունը տեղի կունենա հունիսի 1-ին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Կոտայքի մարզում՝ Ծաղկաձորում գտնվող թանկարժեք ու շքեղ հյուրանոցի ճակատագիրը օդում կախված է մնացել: Հայաստանի կառավարությունը դեռ որոշում չունի, թե ինչպես է վարվելու հյուրանոցի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Գույքի գնահատման եւ աճուրդի կենտրոն եւ հետաքրքրվեց, թե երբ է հյուրանոցն աճուրդի հանվելու: Մեր հարցին ի պատասխան՝ ՊՈԱԿ-ից փոխանցեցին. «Կառավարության որոշում է լինում, եւ, դրա համաձայն, դրվում է աճուրդի։ Երբ լինի կառավարության որոշում, այդ ժամանակ էլ կհանվի աճուրդի: Մենք տեղյակ չենք, թե երբ նման որոշում կլինի՝ հյուրանոցի հետ կապված: Ինչքան որ նախատեսված եղել է, մենք դրել ենք աճուրդի: Մենք տեղյակ չենք՝ հյուրանոցն այսօր օգտագործվում է, թե ոչ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության պետ Տիգրան Ուլիխանյանի հայրը՝ 58-ամյա Արմեն Ուլիխանյանը, որը բնակվում է Վանաձորում, ջանասիրաբար մասնակցում է Լոռու մարզպետարանում քաղծառայողների համար հայտարարված մրցույթներին, սակայն չի հաղթում։ Որպես կանոն՝ կտրվում է հենց գրավոր փուլում։ Վերջին մրցույթը, որին նա մասնակցել է, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի մրցույթն է։
Տիգրան Ուլիխանյանին հարցրինք՝ հաճա՞խ է հայրը մասնակցում մրցույթներին, ինքը չի՞ միջամտում։ Ասաց․ «Ես չգիտեմ, թե որքան հաճախ է մասնակցում, բայց այն, որ ես չեմ միջամտում, կարծում եմ՝ տեսանելի է, եւ դա իրապես այդպես է, ես այդպիսի բնավորություն չունեմ․․․ ես որեւէ կերպ որեւէ նշանակման առումով չեմ խառնվում եւ ասեմ, որ ես ունեմ այն ազնվությունը, որ եթե միջամտած լինեի, ապա հստակ կհայտարարեի, որ միջամտել եմ։ Ես այդ մարդը չեմ, նման թեմաներն ինձ հարիր չեն»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում տևական ժամանակ է՝ թեժ քննարկվում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերաբերմունքը երբեմնի սիրելի թիմի նկատմամբ: Բանն այն է, որ խմբակցությունում կան շատ, այսպես ասած, խանականներ, որոնց համար մեծ ցավ է, որ իրենց իշխանության ու հատկապես ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին տևական ժամանակ է՝ Տեր-Պետրոսյանը սուր քննադատում է իր հոդվածներում:
Հատկապես ցավագին են ընդունել նախօրեին Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ կապված Նիկոլ Փաշինյանի Ժ/Պ մնալու իրողության հետ»:
«Հրապարակ» թերթը գրում է․ «ՀՀԿ-ն կարծես թե մտադիր է մասնակցել արտահերթ ընտրություններին, բայց դեռ չեն կողմնորոշվում, թե ինչ ֆորմատով։ Երեկ Էդուարդ Շարմազանովն էր գրառում արել այդ մասին ու նաեւ ակնարկել, որ ՀՀԿ-ն պետք է միայնակ մասնակցի ընտրություններին։ «Հանրապետականը պետք է պայքարի ու այդ պայքարում չպետք է լինի որեւէ մեկի կցորդը, այլ պայքարի բաց ճակատով ու հանուն ազգային Հայաստանի»,- գրել էր Շարմազանովը։
Տեւական ժամանակ է՝ ՀՀԿ-ի ներսում վեճ եւ քննարկումներ կան՝ գնալ դաշինքո՞վ, թե՞ միայնակ։ Դաշինքի հարցում էլ քննարկվում է Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության հետ գնալու հարցը։
ՀՀԿ-ում կարծիքները տարբեր են՝ հին կորիզը կարծում է, որ իրենք պետք է մենակ գնան ու անպայման ՀՀԿ-ի ցուցակով։ Մի մասը կողմ է դաշինքին, եւ ասում են՝ հավասար համամասնությամբ ցուցակով գնանք։ Բայց կա նաեւ մի թեւ, որը դեմ է Վանեցյանի հետ համագործակցությանը ու մեկ ցուցակով գնալուն․ նրանք համարում են, որ իրենք կայացած կուսակցություն են, տարածքային կառույցներ ունեն, ձայն տնօրինող օլիգարխներ, եւ իրենց չի սազում նոր ստեղծված ուժի հետ՝ նրանց գերակայությամբ ընտրությունների գնալը»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







