Լիտվայի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան տեղի է ունենում երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի նախօրեին:
Այս մասին Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտգործնախարարի ԺՊ Արա Այվազյանը՝ հավելելով, որ Լիտվան դարձավ առաջին պետությունը, որի հետ Հայաստանը հաստատեց դիվանագիտական հարաբերություններ:
Ըստ Արա Այվազյանի, Լիտվայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը քննարկվել են հայ-լիտվական երկկողմ և բազմակողմ օրակարգին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
«Հայաստանը պատրաստ է գործնական քայլեր ձեռնարկել հայ-լիտվական համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ: Այս գործընթացում կարևոր դեր ունեն մեր երկրների արտաքին գործերի նախարարությունները, և այդ առումով մեծ նշանակություն է տրվում երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների պարբերական քաղաքական խորհրդակցություններին՝ որպես երկկողմ համագործակցության խորացման կարևոր մեխանիզմ», — նշել է ՀՀ արտգործնախարարը:
Այվազյանի խոսքով, հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հարցեր: «Լիտվան ԵՄ-ում Հայաստանի կարևոր գործընկերներից է, և մենք բարձր ենք գնահատում Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում մեր երկրների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը և այդ համագործակցությունը խորացնելու Լիտվայի պատրաստակամությունը»,- նշեց ՀՀ արտգործնախարարը:
Այվազյանը գոհունակությամբ նշեց նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների սերտ համագործակցությունը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային՝ Արա Այվազյանը նշեց, որ միջազգային հանրության կողմից ձեռնարկված ջանքերին զուգահեռ, Հայաստանն ու հայ ժողովուրդը կրկին բախվում են ծայրահեղականության, մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումների դրսևորումների:
«Դրա ծայրահեղ դրսևորումը Ադրբեջանի կողմից 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան էր՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, ռազմական հանցագործություններ և վայրագություններ, որոնք հանգեցնում էին հումանիտար ճգնաժամի: Մինչ օրս արցախյան հիմնախնդրի համատեքստում արդիական խնդիրներ ամբողջությամբ լուծված չեն, և առաջին հերթին՝ պատանդ պահված ռազմագերիների և խաղաղ բնակիչների անհապաղ հայրենադարձությունը»,- ասաց ՀՀ արտգործնախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






