Այսօր լրանում է հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Օսմանյան կայսրությունում ապրող հայերի ցեղասպանությունը մի քանի փուլով է իրականացվել, սակայն եղեռնի խորհրդանշական սկիզբը համարվում է 1915 թվականի ապրիլի 24-ը: Այդ օրը Ստամբուլում ձերբակալվեց 235 հայ մտավորական՝ Վանում ապստամբություն կազմակերպելու կեղծ մեղադրանքով, ինչին հաջորդեց ևս 600 ազդեցիկ հայերի ձերբակալությունը: Նրանք բոլորն էլ աքսորի ճանապարհին գազանաբար սպանվեցին։
Հայերի տեղահանությունն ու սպանդը շարունակվեց տարիներ: 1915-23 թվականներին շուրջ 1,5 մլն մարդ բնաջնջվեց: Ոչնչացվեցին հազարավոր պատմական և ճարտարապետական կոթողներ ու հուշարձաններ, ձեռագրեր, պղծվեցին սրբավայրերը: Հրկիզվեցին և կողոպտվեցին ավելի քան 60 հայկական քաղաքներ և 2 500 գյուղեր: Ավելի քան կես միլիոն վերապրածներ ցրվեցին աշխարհով մեկ՝ ձևավորելով հայկական Սփյուռքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







