ՀՀ արտաքին գործերի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ ջանքերի շնորհիվ և իրանական կողմի հետ արդյունավետ գործակցության արդյունքում՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության Boeing 737-300 տիպի (ազգային և գրանցման նիշի համարը EK-FAA) օդանավը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից այսօր տեղական ժամանակով 19:15-ին վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին հայտնում են Քաղավիացիայի կոմիտեից:
«Տեղեկացնում ենք նաև, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն գործի վերաբերյալ իր անցկացրած քննության և արդյունքների մասին հանդես կգա հավելյալ պարզաբանմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ դեռևս չպարզված հանգամանքներում, Հայաստանում գրանցված ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռը հայտնվել է Իրանում: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն էր տարածել առ այն, որ Boeing 737 տիպի օդանավի առևանգման փաստի մասին հաստատված տեղեկատվություն չի ստացվել, և տեղյակ են դրա գտնվելու վայրի մասին:
Ավելի ուշ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը հայտարարել էր, որ Boeing 737-300-ը պետք է թռչեր Ուկրաինա, սակայն, անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել։ Նշենք նաև, որ ԱԱԾ-ում Boeing 737 օդանավի հետ կապված դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







