ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել՝ կապված Boeing 737 օդանավի վերաբերյալ նոր լուրերի մասին։
«Հարգելի քաղաքացիներ,
Իրանական կողմի հետ համագործակցությամբ՝ աշխատանքներ են տարվում «Fly Armenia Airways» ընկերության օդանավի տեխնիկակսն խնդիրները լուծելու ուղղությամբ: Հաշվի առնելով նաև, որ հարուցվել է քրեական գործ և տեղի է ունենում իրավական գործընթաց` մինչ դրանց ավարտը մանրամասներ չենք կարող հրապարակել: Հայտնում ենք նաև, որ ինքնաթիռի տեխնիկական վիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռը ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ դեռևս չպարզված հանգամանքներում, Հայաստանում գրանցված ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռը հայտնվել է Իրանում: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն էր տարածել առ այն, որ Boeing 737 տիպի օդանավի առևանգման փաստի մասին հաստատված տեղեկատվություն չի ստացվել, և տեղյակ են դրա գտնվելու վայրի մասին: Ավելի ուշ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը հայտարարել էր, որ Boeing 737-300-ը պետք է թռչեր Ուկրաինա, սակայն, անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել։ Նշենք նաև, որ ԱԱԾ-ում Boeing 737 օդանավի հետ կապված դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







