Ռուս սակրավորները Լեռնային Ղարաբաղում ավելի քան 1700 հա տարածք են մաքրել պայթյունավտանգ առարկաներից։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ ռուսական խաղաղապահ զորախմբի անձնակազմը շարունակում է ԼՂ տարածքները մաքրել պայթյունավտանգ առարկաներից։
Ականազերծման աշխատանքների արդյունքում 2020 թ. նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 1739 հա տարածք, 541 կմ ճանապարհ, 1 614 շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակության: Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների կողմից հայտնաբերվել և վնասազերծվել է 25 349 պայթուցիկ նյութ:
Սակրավորների հայտնաբերած պայթուցիկ իրերը դուրս են բերվել և ոչնչացվել են «Բալիջա» հատուկ զորավարժարանում։ Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում ՝ ապահովելով պայթուցիկ աշխատանքների ժամանակ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները։
Հիշեցնենք, որ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի համատեղ հայտարարության համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00: 00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Ռուս խաղաղապահների աջակցությամբ մարտական գործողությունների հետևանքով տուժած շրջաններում շարունակվում է ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը, փախստականների վերադարձը նախկին բնակության վայրեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







