Ամբողջ աշխարհում գնաճ է արձանագրվել, որի հետ կապված մի շարք խնդիրներ կան: Գնաճի հիմնական պատճառը համավարակն էր, որի հետևանքով ամբողջ աշխարհում նաև տնտեսական անկում կա: Armenia Today-ի հետ զրույցում այս մասին նշեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը: Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով՝ մեզ մոտ 12-ամսյա գնաճն ու բնականոն գնաճն ավելացել են՝ համապատասխան կազմելով 5,3 և 5,5 տոկոս։
Խոսելով մեր երկրում առկա գնաճի պատճառների, միտումների ու հնարավոր հետևանքների մասին՝ Կ. Չիլինգարյանն ասաց.
«Պետք է արձանագրենք, որ մեզ մոտ նաև դրամն արժեզրկվեց, ինչը գնաճի վրա իր ազդեցությունը ևս ունեցավ: Հայաստանը հիմնականում ներկրող երկիր է: Խոսքը և՛ պարենային, և ո՛չ պարենային ապրանքների մասին է, որոնք գնում ենք տարադրամով: Եվ այս պայմաններում, բնականաբար, ներկրվող ապրանքների գները ևս պետք է բարձրանային: Մյուս կողմից՝ կան ապրանքներ, որոնք ներկրվող երկրներում դեռ անցած տարվա ամռանից են թանկացել: Խոսքը կարագի, ձեթի ու նաև շաքարավազի մասին է: Մեր տնտեսվարողներն այդ ապրանքներն ավելի թանկ են ձեռք բերում, ինչի արդյունքում տեսնում ենք, որ, օրինակ, ձեթը 40-50 տոկոսով թանկացել է»:
Մեր զրուցակցի խոսքով, ընդհանարպես գնաճը սովորական երևույթ է ամբողջ աշխարհում:
«Կառավարություններն անգամ պլանավորում են գնաճը, տարվա ընթացքում 3-4 տոկոս գնաճ կարող է լինել: Մեզ մոտ ևս այսպես է: Բայց դրա հետ մեկտեղ տարբեր երկրներում աշխատավարձերի, թոշակների բարձրացում է լինում, ինչը մեզ մոտ չեղավ: Զուգահեռ՝ պատերազմը մեր երկրում տնտեսական մեծ խնդիրներ է առաջացրել: Մենք տնտեսական մեծ կորուստներ ունեցանք, ինչի պարագայում թոշակները չբարձրացան, իսկ ապրանքները թանկացան: Հիմնական տուժողը սոցիալապես անապահով խավն է, ինչպես նաև թոշակառուները: Սա խնդիր է և Կառավարությունն այդ ուղղութամբ պետք է աշխատի, հասկանա, թե ինչ պետք է անի, որ գոնե մեղմի թոշակառուների ու սոցիալապես անապահով խավի խնդիրները»,-նկատեց Կ. Չիլինգարյանը:
Իսկ թե ի՞նչ հետևանքներ են սպասվում գնաճի շարունակության պարագայում՝ մեր զրուցակիցը նշեց.
«Այսօր աղքատության շեմը պաշտոնապես արդեն 30 տոկոս է, թեպետ շատ այլ հաշվարկներով հասնում է 40-50 տոկոսի: Հաշվի առնենք, որ թանկացել են նաև առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնց թվում է կարագը, ձեթը, հացամթերքը: Այդ ապրանքների թանկացումը կազդի մեր բնակչության եկամուտների վրա, ինչի հետևանքով կունենանք աղքատության շեմի բարձրացում»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







