Վերլուծելով 2020 թվականին մեկնարկած սիգի արդյունագործական նպատակներով փորձարարական որսի ընթացքը, կարևորելով դրա նպատակը, շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է 2021 թվականին իրականացնել փորձարարական որսի 2-րդ փուլը: Այն մեկնարկելու է մարտի 25-ից: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
«Համաձայն Գիտությունների ազգային ակադեմիայի 2020 թվականի հաշվառման տվյալների Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմել է 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ մոտ 586,2 տոննա , որից սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակներում 2021 թվականի օգտագործման համար սահմանվել է առավելագույնը 250 տոննա չափաքանակ։ Ըստ նախագծի՝ ձկան քաշը պետք է լինի 400 գրամից ոչ պակաս, որսը պետք է իրականացվի 40 մմ և ավելի ցանցավանդակի կառուցողական քայլ ունեցող դնովի ցանցերով,
ափից առնվազն 500 մ հեռավորությամբ՝ մանրաձկան որսը բացառելու համար: Որսն իրականացվելու է մինչև սեպտեմբերի 1-ը, դեկտեմբեր-հունվար ամիսներին սահմանվելու է խիստ հսկողության ռեժիմ: Որսը կազմակերպվելու է համաձայն լիազոր մարմնի կողմից հաստատված ժամային գրաֆիկի, մուտքի և ելքի տեղամասերում հսկողություն իրականացնող տեսուչը համապատասխան մատյանում լրացնելու է տվյալ օրը լիճ մուտք գործած լողամիջոցի, ձկնորսի տվյալները, մուտքի և ելքի ժամը, ստուգելու է որսագործիքները, որսն ավարտելուց հետո գրանցելու է որսված ձկան քանակությունը»,-նշված է նախարարության հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







