Դեպի Ռուսաստան կոշիկ արտահանողները մինչև մարտի 23-ը ժամանակ ունեն ազգային օպերատորի փորձնական ծրագրին գրանցվելու համար: Սա անհրաժեշտ է, քանի որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող կոշկեղենը պարտադիր ենթակա է մակնշման:
Որպեսզի հայաստանյան կազմակերպությունները կարողանան ՌԴ-ում իրացնել այն, պետք է ապրանքին փակցված լինի համապատասխան ստանդարտի դրոշմապիտակը: Ռուսաստանը դեռևս անցած տարվանից է արգելել չմակնշված կոշիկի շրջանառությունը:
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր ճանաչված «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊ ընկերությունը ներդրել է ապրանքների դրոշմավորման ավտոմատացված համակարգը և պատրաստ է ծրագրի փորձարկմանը:
Կոմիտեն Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն կոշիկի արտահանմամբ զբաղվող կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու փորձնական ծրագրին, ինչը հնարավորություն կտա նախապես ծանոթանալ ծրագրի մանրամասներին և արդյունավետ կազմակերպել աշխատանքը:
ՊԵԿ-ը Հայաստանից Ռուսաստան կոշիկի արտահանմամբ զբաղվողներին հրավիրում է մասնակցելու ազգային օպերատորի պիլոտային ծրագրին:
Ցանկացողներն ազգային օպերատորի ներկայացուցչի հետ կարող են կապ հաստատել ժամը 10։00-ից 17։00-ն՝ զանգահարելով +374 10 300 300 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեով՝ մինչև մարտի 23-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







